Պետք է շարունակել բանակցությունները, մենք պատրաստ ենք Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այդ պայմանագիրը մեզ համար կարեւոր է, որովհետեւ շատ մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ Եվրոպայի հետ, շատ լուրջ նվաճումներ կան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այնպես չէ, որ եվրոպական կողմն անակնկալի առջեւ է կանգնել, մինչ Մոսկվա գնալը մեր եվրոպական գործընկերները տեղեկացված են եղել, որ հնարավոր է այդպիսի արդյունք: Այլ բան, որ նոր իրավիճակում անհրաժեշտ են նոր քննարկումներ: Եվրոպայի հետ ոնց ունեցել ենք համագործակցությունը, շարունակելու ենք մի տարբերությամբ, որ Խորը համապարափակ առեւտրի գոտու պայմանագիրը դառնալու է անհամատեղելի Մաքսային միության հետ, մնացած բոլոր ծրագրերը պատրաստ ենք շարունակել Եվրոպայի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամակցման դեպքում Հայաստանի` ինքնիշխանությունը կորցնելու մասին փոխարտգործնախարարի ավելի վաղ արած հայտարարությանը, ապա Շավարշ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ ասել: Խնդիրը վերաբերում է հետեւյալին: Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս, դա վերաբերում է ցանկացած մաքսային միության: Դա կապված է մաքսային քաղաքականության հետ, դրույքաչափերի հետ եւ այդպես իրենց սուվերենության այդ աստիճանը կորցնելու են եւ Ղազախստանը, եւ Բելառուսը, եւ Ռուսաստանը, եւ դա շատ բնական է, որովհետեւ այդ դեպքում կա վերազգային մարմնին, որը ինքն է որոշում այդ տարիֆները»:
Նա նշեց, որ Մաքսային միության անդամակցելու մասին հայտարարությունը հանկարծակի չէր, ոչ էլ անակնկալ էր, այս ընթացքում եղել են բանակցություններ, որոնք վերաբերում են եւ ընդհանուր սահմանի բացակայությանը, թե ինչպես կարելի է դա հաղթահարել եւ մի շարք այլ խնդիրների: «Բայց այդ համակողմանի բանակցությունների արդյունքում վերջիվերջո դու կշռադատում ես, ծանրութեթեւ ես անում եւ ընդհանուր առմամբ դա մեզ համար ձեռնտու է: Բուռն բանակցությունների արդյունքում գտնվել են այն լուծումները, որոնք շահեկան են դարձնում Հայաստանի Մաքսային միության անդամակցությունը»-ասել է փոխնախարարը` հավելելով, որ առաջիկայում դրանք եւս կհրապարկվեն:
Մանրամասները` տեսանյութում











