Հնդկաստանի արեւելյան ափերն, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտնվել են «Ֆայլին» փոթորկի տիրապետության տակ: Աղետը տեղի է ունեցել Օրիսա եւ Անդհրա-Պրադեշ նահանգներում:
Քամու արագությունը կազմել է մոտ 200 կմ/ժամ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն կարող է հասնել մինչեւ 210-240 կմ/ժամի: Փոթորիկն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով: Ալիքների բարձրությունը կազմում է 3-3,5 մետր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օրիսա նահանգում նախքան ցիկլոնի հայտնվելն արդեն զոհվել է առնվազն 5 մարդ, 4 մարդ մնացել է տապալված ծառերի տակ, եւս մեկ տարեց կին մահացել է, երբ փլվել է տան կավե տանիքը:
Ընդհանուր առմամբ՝ աղետի գոտում ապրում է մոտ 12 մլն մարդ: Այդ նահանգների իշխանություններն արդեն տարհանել են 600 հազար մարդու:











