Բրիտանացի հայտնի փողոցային նկարիչ Բենքսին Նյու Յորքի Կենտրոնական այգում կազմակերպել է իր աշխատանքների անանուն վաճառքը` 60-ական դոլարով: Այս մասին նկարիչը հայտնել է իր պաշտոնական կայքում:
YouTube-ում տեղադրված տեսահոլովակում երեւում է, որ նկարչի աշխատանքները վաճառել է մի տարեց անծանոթ տղամարդ: Բենքսին հաղորդագրության մեջ նշել է, որ աշխատանքները վաճառվել են նյույորքյան ակցիայի միայն 13-րդ օրը, եւ զեղչերով վաճառք այլեւս չի լինի:
The Daily Mail-ը նշում է, որ ցուցահանդես-վաճառքների ժամանակ Բենքսիի աշխատանքներն արժեն հարյուր հազարավոր դոլարներ: Ըստ հրատարակչության` յոթ ժամում գնել են ընդամենը ութ աշխատանք:
Բենքսին Նյու Յորքի ակցիայի մասին հայտնել էր իր կայքում, այն ստացել է «Լավ է դրսից, քան ներսից» (Better Out Than In): Կայքում մեջբերում է արված նաեւ Պոլ Սեզանից, որը բացահայտում է այդ խորագրի իմաստը. «Արվեստանոցում նկարված գործերը երբեք այնքան լավը չեն լինի, որքան դրա սահմաններից դուրս ստեղծվածները», հաղորդում է NEWSru.com-ը:
Բենքսիի յուրաքանչյուր ստեղծագործության տակ հեռախոսահամար է նշված: Այդ համարով զանգահարելով` կարելի է անվճար լսել կարճ ձայնագրություն, որը պատմում է տվյալ աշխատանքի մասին եւ բացատրում դրա իմաստը: Թե որքան կտեւի շոուն եւ որ վայրերում կանցկացվի, հայտնի չէ: Վերջին անգամ Բենքսիի նկարները Նյու Յորքում նկատվել էին 2010թ.:











