Մարալիկի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Սուսաննա Սարդարյանը տարիներ շարունակ յուրացրել է երկրից բացակայող ուսանողների կրթաթոշակները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության Անի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքը ստանալով օպերատիվ տվյալներ պարզել է, որ Մարալիկի պետական արհեստագործական ուսումնարանում 2010 թ-ի սեպտեմբերից կատարվում են քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես նշված ուսումնարանի տնօրեն` Սուսաննա Սարդարյանը, օգտագործվելով այն հանգամանքը, որ որոշ ուսանողներ գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, յուրացրել է նրանց կրթաթոշակը: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 179 հոդվածի միանգամից 3 կետերով` յուրացնելը կամ վատնելը հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, պաշտոնական դիրքը օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափերով:
Մարալիկի պետական արհեստագործական ուսումնարանում բացակայող , բայց կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը հասել է 34-ի, ովքեր բացակայել են, ոչ միայն դասերից, այլեւ Հանրապետությունից: Սուսաննա Սարդարյանի խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:











