Երեւանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակիցների առողջությանը հասցված վնասի համար պատասխանատուն միմիայն պետությունն է՝ ի դեմն ոստիկանության: Այդ մասին ասվում է «Ազատագրում» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

«Մոտ երեք ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի առջեւ սկսվեց երկու կոռումպացված պաշտոնյաներ Հ. Նավասարդյանի եւ Մ. Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույց, որի մասնակիցները եղանակային պայմաններից պաշտպանվելու նպատակով իրենց ավտոմեքենաները կայանում էին քաղաքապետարանի առջեւի ավտոկայանատեղիում՝ զրկված լինելով վրանի կամ հովանոցի տեղադրման հնարավորությունից:

Սեպտեմբերի 21-ից սկսած, «ԶԻԼ» բեռնատարով նստացույցի մասնակիցների մեքենաներին հարվածելուց եւ տուգանային հրապարակ տեղափոխելուց հետո, ոստիկանությունը հանկարծ սկսեց ակտիվ կերպով հսկողություն իրականացնել՝ թույլ չտալով քաղաքապետարանի առջեւ կայանել ոչ ծառայողական որեւէ ավտոմեքենա: Քաղաքապետարանի առջեւ ոչ ծառայողական համարանիշերով մեքենա հայտվելու դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ոստիկանի կողմից այն անմիջապես հեռացվում է տարածքից՝ անհրաժեշտության դեպքում քարշակով: Երեւան քաղաքում՝ որեւէ այլ տարածքում ոստիկանությունը նման հսկողություն չի իրականացնում, ինչն ինքնստինքյան հուշում է այս ամենի իրական նպատակի մասին՝ ամեն գնով նստացույցի պայմանները վատթարացնել:

Եւ այսպես՝ իրականում քաղաքապետարանի առջեւ ոչ ծառայողական ավտոմեքենա կայանելն արգելված չէ, քանի որ կայանատեղիի մոտ փակցված է կամայական նշան: Նման ճանապարհային երթեւեկության նշան գոյություն չունի. դրա տեղում կարող էր փակցված լինել ցանկացած պատկեր: Սա նշանակում է, որ փակցված նշանն իրավական ուժ չունի: Հետեւաբար՝ ոչինչ չի արգելում քաղաքացուն այդ հատվածում կայանել իր մեքենան: Արդեն 10 օր է այս խնդրի մասին տեղյակ են ճանապարհային ոստիկանությունում, ՄԻՊ գրասենյակն էլ այդ հարցով գրագրության մեջ է նրանց հետ, սակայն մինչ օրս ոստիկանությունը չի կարողացել իրավական հիմքեր ներկայացնել։

Փաստորեն՝ չկա իրավական հիմնավորում քաղաքացիներին երթեւեկության կանոն խախտելու համար տուգանելու, ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելու եւ սեփականատիրոջը ձերբակալելու համար։ Ավելին՝ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին իրացնում է իր սահմանադրական իրավունքը, որը գերակա է տվյալ դեպքում ճանապարհային երթեւեկության ենթադրյալ կանոնին։ Նույնիսկ եթե պայմանական ընդունենք, որ քաղաքապետարանի առջեւ կայանելն արգելված է, եթե քաղաքացիները հայտարարել են նստացույց, ապա պետությունը պարտավոր է ապահովել նրանց բողոքի իրականացման եւ առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ։ Սրա մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, իսկ կոնկրետ այս դեպքով տվել եզրակացություն եւ դիմել ոստիկանապետին, որպեսզի պատասխանատվության ենթարկի օրինախախտ ոստիկաններին:

Վատ եղանակ է, կայանատեղին դատարկ է, եւ մեքենան որեւէ մեկին չի խանգարում, ուրեմն՝ նույնիսկ մեր պայմանական դեպքում դրա կայանումն արգելելը եւ մարդուն ցրտին անձրեւի տակ անպաշտպան թողնելը մարդու իրավունքի կոպիտ խախտում է: Նստացույցի մասնակիցների առողջությանը հասցված վնասի համար պատասխանատուն միմիայն պետությունն է՝ ի դեմն ոստիկանության»,- նշել են հայտարարության հեղինակները։