Տասներկուամյա Սալմա ձիու մեծ, շագանակագույն աչքերում անցյալի տխուր հիշողությունների թախիծը վայրկենապես անհետանում է, լցվում հոգատար բժշկի մեղմությամբ, երբ ձին մեջքին զգում է իր օգնության կարիքը զգացող փոքրիկ մարմնի ջերմությունը։
Աուտիզմով տառապող երեխաների համար Սալման անփոխարինելի բժիշկ է։ Ձիու մեջքը միակ տեղն է, որտեղ այս հիվանդությունով տառապող երեխաներն իրենց առաջին անգամ ապահով են զգում։ Ձին դառնում է միջնորդ հիվանդ երեխայի ու արտաքին աշխարհի միջեւ, դուրս բերում երեխային իր ներփակված աշխարհից։
Հիվանդ երեխայի հետ աշխատելու համար ձին ինքը պետք է լիարժեք առողջ լինի, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Սալման ոչ մեկն ուներ, ոչ մյուսը։ Տերը որոշել էր ազատվել հիվանդ ձիուց, ու միակ գնորդը, որը ցանկություն էր հայտնել Սալմայի համար փող վճարել, մսավաճառն էր։ Բայց Սալման մսավաճառի սեղանին չհայտնվեց։ Նրա համար ճակատագիրն ուրիշ բան էր պատրաստել։
Հասմիկը հրաժարվեց համակերպվել այն մտքի հետ, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, որտեղ ինքը նոր էր բացել Հայաստանում գործող միակ հիպոթերապիայի կենտրոնը, ձիուն, որն անբուժելի հիվանդ չէ, մորթելու են 100 հազար դրամի համար։ Հասմիկը ձիու տիրոջից մեկ օր ժամանակ խնդրեց, թեեւ հասկանում էր, որ այդքան կարճ ժամանակում այդ գումարը ճարելը գրեթե անհնար է։ Բայց Սալմային վիճակված էր ապրել։ Մի ամբողջ օր փող ճարելու ապարդյուն փորձերից ընկճված՝ Հասմիկը երեկոյան ինտերնետով Գերմանիայիում ապրող ընկերոջը պատմեց Սալմայի պատմությունը, ընկերն էլ՝ պատմությունից ազդված, պատմեց իր ընկերներին։ Ընկերներն առաջարկեցին գումար հավաքել, ուղարկել Երեւան։ Մյուս մասը տվեց Ռուսաստանում ապրող ընկերը, չնայած նոր էր ազատվել աշխատանքից ու ֆինանսական խնդիրներ ուներ։
Հիպոթերապիայի կենտրոն Սալման տեղափոխվեց հյուծված, շատ նիհար ու տգեղ։ Նախկին տերը նրան մի քանի ամիս միայն դդումի կեղեւներով էր կերակրել։ Կենտրոնի վարժեցնողները ձիուն խնամում էին, կերակրում, բայց սիրել չէին կարողանում. Սալման շատ տգեղ էր։ Ամիսների ընթացքում «անճոռնի ճուտիկը» անճանաչելիորեն փոխվեց, գեղեցկացավ ու այցելուների սիրելին դարձավ։
Սալմային սիրում էին, բայց հիվանդ երեխաներին ձիուն մոտ չէին թողնում։ Հիպոթերապիայով զբաղվելու համար ձին պետք է կատարելապես առողջ լիներ։ Իսկ Սալմայի հայացքում դեռ կորցրած մտրուկների ցավն էր։ Երկու ձագուկներից մեկին վեց ամսականում մոր աչքի առջեւ հոշոտել էր գայլը։ Սալման ախոռում կապված էր ու ոչնչով չէր կարողացել օգնել մտրուկին։ Մյուսին մորթել էր նախկին տերը՝ կրկին մոր աչքի առջեւ։ Հիպոթերապիայի մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Սալմային հեծնում էին միայն առողջ այցելուները։ Ձին չէր հնազանդվում, հետևանց էր քայլում, հիստերիկ շարժումներ անում:
Բայց անսպասելի բան տեղի ունեցավ։ Մի օր այնպես ստացվեց, որ Սալմայի վրա նստեցրին գյուղի հաշմանդամ երեխաներից մեկին, որն ուղեղի մանկական կաթված ուներ։ Ձին անսպասելի փոխվեց, սկսեց հանգիստ ու զգույշ քայլել։ Մտածեցին՝ զուգադիպություն է։ Բայց երկրորդ դեպքն արդեն կասկածի տեղիք չթողեց. Սալման անփոխարինելի է ձիաբուժության մեջ։
Այսօր կենտրոն այցելող երեխաներն առաջին հերթին Սալմայի մոտ են վազում։ Ձիու ջերմությունից հիվանդության կապանքները հաղթահարող երեխաները չեն էլ կասկածում, որ Սալման անսահման հոգատարությամբ իր երախտագիտությունն է հայտնում երեխաներին իր կորցրած մտրուկների կարոտն առնելու ու նրանց բաժին չհասած ջերմությունն ընդունելու համար։











