Ահազանգից ընդամենը 6 րոպե անց շտապօգնության մեքենան եղել է հասցեում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց Շտապօգնության բժիշկ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Ներսիսյանը, որը նոյեմբերի 21-ին կանչով Դավիթաշեն մեկնելուց հետո հիվանդի որդու կողմից բռնության էր ենթարկվել։

«Մտանք, հիվանդը նստած՝ անհանգիստ վիճակով, գանգատվում է կրծքավանդակի շրջանում ցավերից, որը ճառագայթում է թիկունքը, դեպի վերին վերջույթները։ Այսինքն, տիպիկ ինֆարկտի կլինիկա, ներկայացնում է, որ 40 րոպե գտնվել է այդ վիճակում, թույլ չի տվել, հարազատները մի կերպ համոզել են, որ շտապօգնություն կանչեն։ Առաջինը, որ արեցինք՝ Նիտրոգլիցերին լեզվի տակ, երկրորդը՝ թթվածնի դիմակը դրել ենք քթին, որ հանգիստ կարողանա շնչի։ Միանգամից առաջացել է սրտի կանգ։ Այդ պահին փորձել եմ իրեն պառկեցնել հատակին, որ սկսեմ ռեանիմացիոն միջոցառումները, տղան հարձակվել է իմ վրա՝ տղան մի կողմից, կինը՝ մյուս կողմից։ Սկզբից խփեց կրծքավանդակիս, հետո սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Մի քանի անգամ հրել եմ մի կողմ, թե գնա մի կողմ. թող մենք արհեստական շնչառություն, սրտի մասաժ ենք անում»,- կատարվածի մանրամասները պատմեց բժիշկը։

Գագիկ Ներսիսյանի խոսքով իրենք արել են հնարավոր ամեն ինչ. «Մենք օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները, ընդհուպ մինչեւ էլեկտրաշոկ,  ներսրտային ներարկում, արհեստական շնչառություն եւ այլն, ու այդ ամենը սեռական բնույթի հայհոյանքների տարափի ու հարվածների տակ՝ ստիպված լինելով անընդհատ որդուն կամ կնոջը հրել, որպեսզի թույլ տան աշխատել»։

Նրա խոսքով, այդ ամբողջը տեւել է 12 րոպե, հիվանդի կենսաբանական մահը գրանցվելուց հետո մահացածի որդին միանագամից հարձակվել է բժշկի վրա հարվածել գլխին, աչքին։ Նրանց բաժանել են ներս եկած հարեւանները։

Բժշկի խոսքով, հիվանդը մի քանի անգամ ինֆարկտ է տարել եւ անուշադիր է եղել իր առողջության նկատմամբ, որովհետեւ անամնեստիկ տվյալներ հավաքելիս պարզվել է, որ  հիվանդը «բացարձակորեն դեղորայք չի ընդունել, բուժում չի ստացել»։

Գագիկ Ներսիսյանը այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժնում է, նրա վիճակը գնահատվում է  միջին ծանրության։ Բժիշկներն ախտորոշել են  ուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդ, ճակատային շրջանում էլ ունի պատռվածքներ, տեղադրել են երեք կար։

Ներսիսյան Գագիկը շտապօգնությունում աշխատում է երեսուն տարի։

«Ոչ ոք իրավուքն չունի ձեռք բարձրացնելու բժշկի վրա, որը իր առաքելություն է կատարում։ Ես վստահ եմ, որ Գագիկ Ներսիսյանը արել է հնարավորը այդ մարդու կյանքը փրկելու համար»,- NEWS.am-ին ասաց շտապօգնության ծառայության բուժական գծով փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը, որը այցելության էր եկել Գագիկ Ներսիսյանին։