Երեւանի Սասունցի Դավիթ նրբանցքի տուն 35 նոյեմբերի 21-ի գիշերը շտապօգնության մեքենան հասել է կանչից 45 րոպե անց: Այս մասին NEWS.am-ին պատմեցին մահացած կնոջ՝ Սրբուհի Տոնիկյանի որդին եւ դուստրը՝ հերքելով Առողջապահության նախարարության տարածած տեղեկությունը, ըստ որի, շտապօգնությունը կանչից 17 րոպե անց հասցեում է եղել։

«Մայրս սրտի հետ պրոբլեմներ ուներ: Վատացել է, հարևանուհիս շտապօգնություն է կանչել՝ նրանց ասելով, որ մայրս ինֆարկտ է տարել, միայնակ տարեց կին է, շուտ եկեք, իսկ իրանք էլ, թե ո՞վ է զանգում, դուք իր ի՞նչն եք: Հետո էլ 15 րոպե զանգել ենք, չեն պատասխանել: Հետո նոր եկել են 45 րոպե անց»,- պատմեց Տոնիկյանի դուստրը՝ Սիրանույշ Վարդանյանը:

Սիրանույշի խոսքով՝ կանչից 15-20 րոպե անց մայրը մահացել է. «Եղբայրս, հասկանալով, որ մորս էլ օգնել հնարավոր չէ, նրանք որ եկել են, համարյա դուրս է հանել, բռնել է օձիքից, դուրս շպրտել: Ամեն դեպքում իրենք վազել են դեպի մեքենան, նստել ու փախել՝ առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել»:

Սիրանույշը հերքեց առողջապահության նախարարության տարածած այն տեղեկությունը, ըստ որի, մահացածի որդին՝ Հրաչ Գամբուրյանը, բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով եւ հայհոյել. «Կքաշեր, էնքան բարկացած էր, որ հասկանում էր, որ շտապօգնության ուշանալու պատճառով է մայրը մահացել, կաներ, ուղղակի իրան զսպել ա: Հարևաններն էլ են ասել, որ չի արել: Բժիշկները որ փախել են, ինքն էլ հետ ա եկել տուն»:

Հիշեցնենք, որ ԱՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին, Սասունցի Դավիթ նրբանցքից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Թիվ 4 ենթակայանում եւ մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, եւ N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Մինչեւ շտապօգնության հասնելը հիվանդը մահացել է։ «Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով եւ հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել սպառնացողի ձեռքից: Բրիգադը հեռացել է»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում: