Նախագահ Բարաք Օբամայի ելույթը, որում նա կոչ է արել Կոնգրեսին արտոնել իմիգրացիոն բարեփոխման մասին օրենքը, ընդհատել է մի մարդ, ով դեմ է ԱՄՆ-ից ապօրինի ներգաղթյալների արտաքսմանը:

Սան Ֆրանցիսկոյում Բեթթի Օնգի անվան չինական վերականգնողական կենտրոնի ելույթը մոտ էր ավարտին, երբ մի երիտասարդ, ով կանգնած է եղել նախագահի հետեւում, սկսել է գոռալ. «Պարոն նախագահ, խնդրում եմ, օգտագործեք Ձեր լիազորությունները, որպեսզի հենց հիմա դադարեցնեք բոլոր 11,5  միլիոն փաստաթուղթ չունեցող ներգաղթյալների արտաքսումը»:

Նրա կողքին կանգնածները նրա ուղղությամբ են նայել, նախագահը փորձել է շարունակել ելույթը, սակայն երիտասարդը չի հանդարտվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դուք լիազորված եք դադարեցնելու արտաքսումը»,-բարձրաձայն հայտարարել է նա:

Օբամն շրջվել է նրա ուղղությամբ եւ ասել. «Իրականում, ոչ»:

Դրանից հետո միանգամից մի քանի մարդ վանկարկել է. «Անմիջապես դադարեցրեք արտաքսումը»: Միջոցառման կազմակերպիչները փորձել են հեռացնել երիտասարդին բեմից, սակայն Օբաման կանգնեցրել է նրանց:

«Ես հասկանում եմ այս երիտասարդների զգացմունքները: Իրականում եթե կարողանայի լուծել բոլոր այդ խնդիրները առանց Կոնգրեսում օրենքի ընդունման, ես հենց այդպես էլ կանեի»,-ասել է նա: