Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած վեց ընտանիքները սպասում են բարի մարդկանց օգնությանը։ Մի քանի ժամվա ընթացքում ամբողջ ունեցվածքից զրկված ընտանիքներին առայժմ իրենց տանիքի տակ են առել բարեկամները, մարզպետը առաջիկա չորս ամիսների համար նրանց վարձով տներում տեղավորելու հանձնարարական է տվել։ Իսկ ինչ է լինելու չորս ամիս հետո՝ բնակիչները վախենում եմ պատկերացնել։

«Չգիտեմ՝ ինչի ենք սպասում։ Մոլորվել ենք, կանգնել։  Բարի մարդ էղնի, օգնի»,- NEWS.am-ին ասաց երկու անչափահաս զավակների հայր Հարություն Շեկոյանը, որն ութ տարի բնակվում էր փայտե տնակում։

«Ղոնաղ էի գնացել։ Էկա, տենամ՝ վառվում ա։ Ու ոչ մի օգնություն  չկա։ Որ մի ավտոն գալիս ա՝ դատարկ։ Մնացել ենք դռանը՝ օդից կախված։ Ոչ մեկ ոչ մի լուրջ բան չի ասում։ Ասում ա՝ գնա չորս ամիս ապրի, փողը կտանք։ Բա հետո։ Հետոն ա էդ վեց ընտանիքների ճակատագիրը»,- ասաց հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած Արթուր Չոբանյանը։

Բնակիչները դժգոհ են նրանից, որ եթե նույնիսկ իրենց չորս ամսով վարձով բնակարան տա, միեւնույն է, իրենց խնդիրները նույնիսկ այդ չորս ամսվա համար չեն լուծվում։

«Եթե ինքը ինձ դատարկ տունը տալիս ա, ես գնամ, ի՞նչ անեմ, պոլին քնեմ։ Ոչ մի աջակցություն չկա։ 2-3 տարեկան երեխեքը մնացել են դամաշնիկով, ռետուզով դռները։ Մեր կառավարությունը քնած ա»,- ասաց Արթուր Չոբանյանը։

Նրա խոսքով՝ մարզպետն ինքն է իրեն ասել, որ հրշեջները դեպքի օրը կես ժամ ուշացումով են եկել։ Արթուր Չոբանյանին հետաքրքրում էր, թե ինչու որեւէ քայլ չի ձեռնարկվում պատասխանատուներին պատժելու համար։