Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակից բողոքի երթով Բաղրամյան 26 հասած «Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնության մասնակիցներին նախագահական նստավայրի մոտ դիմավորել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ցուցարարներին հրահանգել է անցնել դիմացի մայթ, քանի որ նախագահական նստավայրի մոտ կանգնելն արգելվում է։ Ցուցարարները սկզբում հրաժարվել են, սկսվել է հրմշտոց, բայց ի վերջո, ոստիկաններին հաջողվել է նրանց հեռացնել։
Այս պահին ցուցարարները նստավայրի դիմացի մայթում են եւ պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ խոսի իրենց հետ։ Կանանց տեղեկացրել են, որ առավելագույնը, որ կարող են անել, նամակների բաժին իրենց պահանջը գրավոր հանձնելն է։
Չնայած ցուցարարները նամակ չէին բերել, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը երկու այլ կանանց հետ մտել է նամակների բաժին։ Ներսում նրանց առաջարկել են զրուցել նամակների բաժնի աշխատակից Աիդա Ասատրյանի հետ, սակայն կանայք հրաժարվել են, դուրս են եկել եւ այժմ դիմացի մայթին կանգնած պահանջում են, որ Սերժ Սարգսյանն անձամբ դուրս գա եւ հանդիպի իրենց։
Նախագահականի մոտ է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը, ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, այսօրվանից նստացույց է սկսում Բաղրամյան 26-ում՝ պահանջելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կամ անձամբ գնա Վիլնյուս կամ հրաժարական տա։
«Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը պահանջում է նախագահի հրաժարականը։ Կանանց բողոքի ակցիային միացել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ և Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:
Ցուցարարները մոտ 40 րոպե կանգնեցին նախագահականի դիմաց, այնուհետև շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ դեկտեմբերի 2-ին նորից հավաքվելու են նախագահականի դիմաց:












