Մոտ ապագայում մենք մեր երկիրը իրոք կազատագրենք էս քոչվորներից եւ Շանթի արձանը կտեղադրենք Ազատության հրապարակում փայտը ձեռքին՝ռեժիմի գլխին խփելիս: Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Սուրեն Սահակյանը:
Նրա խոսքով, Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ամեն ինչ ճիշտ է արել, ցույց է տվել՝ ինչպիսին պետք է լինի ՀՀ քաղաքացին. «Շանթը խփում էր ռեժիմին: Նա ոստիկանի գլխին չէր խփում, խփում էր ռեժիմը պահպանող թափթփուկի գլխին, ոստիկանը պիտի իմանա, որ ինքը ռեժիմի ստրուկը չի, նրա Աստվածաշունչը սահմադրությունն է, իսկ ոստիկանն այսօր չի ծառայում օրենքին, այդպիսի ոստիկանի հետ ժողովուրդը իրավունք ունի վարվել այնպես ինչպես ուզում է»։
Ազատամարտիկը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում եւ Սփյուռքում ձեւավորվել են բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնող խմբեր, որոնք հետեւելու են Շանթ Հարությունյանի գործով դատավարությանը, հետեւելու են, որ ամեն ինչ արդար լինի:
«Լրատվամիջոցները հաճախ ընտրովի են ներկայացնում դատավարությունները, պահանջում ենք, որ Շանթի և մյուս ձերբակալվածների դատավարությունները տեղի ունենան Երևանի դատավարությունների ամենամեծ դահլիճում և հեռարձակվեն Հանրային հեռուստաընկերությամբ»,- ասաց «Ազատ Հայք» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանը։
Սուրեն Սահակյանը բոլորին կոչ արեց մեկ դառնալ, իրենց հետ պայքարել արդարության հասնելու համար: «Եթե ուզում են Շանթ Հարությունյանի գործը շարունակվի, եթե ուզում եք, որ մեր երկրը աղբից ազատենք, էս երկիրը կեղեքող հայացքներից ազատենք, պետք է մեկ դառնալ, համախմբվել: Մենք կասենք՝ որ օրը, այդ օրը մարդիկ թող հավաքվեն: Բոլորս գիտենք, որ սա իշխանություն չի, սա թալանչիների հաստաքսակների հավաքածու է»,- ասաց Հայաստանի դաշնային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը:











