Կառավարության առջեւ նոյեմբերի 28-ին հավաքվել են «Ոսկու աշխարհ» առեւտրա-արտադրական համալիրի մի քանի տասնյակ վաճառողներ, որոնք դժգոհում են Լեւոն Խալիկյանի ղեկավարած՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության գործունեությունից։

Արդեն երեք օր է՝ տեսչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում ոսկու շուկայում եւ խոշոր չափերի տուգանքներ նշանակում՝ ոսկու «Սասունցի Դավիթ» հարգի սխալ դրոշմի համար։

«25 հազար դրամանոց զարդի համար տուգանում են 50 հազար դրամ»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց շուկայի վաճառող Հրաչյա Հարությունյանը՝ նշելով, որ ամենաբարձր տուգանքը եղել է 2 մլն 700 հազար դրամ։

Նրանք հայտարարել են, որ տեսուչներին այլեւս չեն թողնելու մտնել շուկա եւ պահանջել են, որ կառավարությունից պատասխան տան։

«Պրոբը խփում է հարգադրոշման ինսպեկցիան, ու եթե նա ծուռ է խփում կամ լավ չի խփում, մենք դրա համար մեղավոր չենք»,- ասաց ոսկերիչներից մեկը։

Ոսկերիչներն այսօրվանից գործադուլ են սկսել, բայց շուկան ամբողջությամբ փակ չէ։ Վաճառողները մեր թղթակցին ասացին, որ շատերը չեն միացել իրենց, որովհետեւ վախենում են։

«Տարվա վերջ ա, բյուջե՞ են լցնում, թե գրպան»,- դժգոհեց վաճառողուհիներից մեկը։

Քիչ առաջ բողոքարարներին մոտեցավ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը նրանց խորհուրդ տվեց վերադառնալ աշխատանքի՝ խոստանալով, որ տեսուչները նրանց այլեւս չեն այցելի։

Ոսկու աշխատակիցները հայտարարեցին, որ չեն հավատում Ղազարյանին եւ չեն հեռանա այնքան ժամանակ, մինչեւ գրավոր պատասխան չստանան։