«Հայ մայրերն արդարություն են պահանջում» նախաձեռնությունը հետաձգում է դեկտեմբերի 2-ի երթը դեպի Բաղրամյան 26 երկու օրով, քանի որ չեն ուզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գալու հետ կապված հակառուսական ակցիայի տպավորություն ստեղծել: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի հրավիրած հանրահավաքին ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
«Ինձ չի հետաքրքրում Պուտին-մուտին-վասպուտին, ինձ պետք ա իմ երեխու ապագան էս երկրի մեջ այնպես, ինչպես ես եմ ուզում տեսնեմ, էնպես, ինչպես որ պայքարել են բազում հայեր»,- ասաց Սուսաննա Մարգարյանը:
Սուսաննա Մարգարյանի խոսքով` իրենք պայքարել են հանուն «Ավետարանի, հանուն սրբության,հանուն Նարեկացու», պահել են երկիրը և թույլ չեն տվել, որ թուրքը մոտենա հայ ազգի կանանց: «Հայաստանի ինքնիշխան կառավարությունը փորձում է ստրուկի կարգավիճակում տեսնել ազգին»,- ասաց կին ազատամարտիկը՝ ավելացնելով, որ իրենք` մայրերը, թույլ չեն տա, որ իշխանությունը խաղ խաղա հայ ազգի հետ: Սուսաննա Մարգարյանը ասաց, որ պետք է իշխանությանը սթափեցնել և հասկացնել, որ դա իրենց տեղը չէ:











