Մյասնիկյանի արձանի մոտ` նստարանին բնակվող Մկրտչյանների ընտանիքը անձրևի դեպքում պատսպարվում է որևէ փակ տարածությունում, իրերն էլ ծածկում պոլիեթիլենային ծածկոցներով։
Չորս հոգանոց ընտանիքին մոտեցող ձմեռը չի վախեցնում: Մտադիր են մնալ դրսում այնքան ժամանակ, մինչև ֆրանսիական դեսպանատնից դրական պատասխան ստանան:
«Եթե Հայաստանի հույսը էն ա, որ ձմեռ ա դեմը, կթողնենք, կգնանք, թող հույսը կտրի»,- NEWS.am-ին ասաց ընտանիքի մայրը` Սուսաննան:
Չորս ամիս նստարանին բնակվող ընտանիքին այժմ այցելում են միայն սրտացավ քաղաքացիները, որոնք իրենց օգնությունն են առաջարկում, եւ աղանդավորները, որոնք համոզում են իրենց աղանդի հետեւորդ դառնալ։
«Եհովայի վկաները մեզ սնունդ են բերում, բացում ենք՝ մեջը գրություն»,- ասաց Աշոտ Մկրտչյանը՝ նշելով, որ ամեն կերպ իրենց համոզում են միանալ իրենց աղանդին՝ խոստանալով , որ կապահովեն իրենց տնով ու սննդով։
Հիշեցնենք, որ երեք տարի Ֆրանսիայում բնակվելուց հետո ապաստանի հայցի մերժման պատճառով Մկրտչյանները 2010թ. Ֆրանսիայի կառավարությունից 5,500 դոլար օգնություն են ստացել և կամավոր եկել Հայաստան` հիմնական բնակության, բայց փոշմանել են։ Նրանք արդեն 4 ամիս է` գիշերում են Ֆրանսիական դեսպանատան մոտ, պահանջում, որ իրենց ետ ուղարկեն Ֆրանսիա: Ֆրանսիայից եկած ընտանիքը օգոստոսի 12-ին նամակ է հանձնել ֆրանսիական դեսպանատուն՝ պահանջելով իրենց թույլ տան և հովանավորեն օրինական կերպով վերադառնալ Ֆրանսիա, բայց մինչեւ այսօր ոչ մի պատասխան չի ստացել:











