Նախօրեին տեղացած առատ ձյունը բարդացրել է դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի նախապատրաստական աշխատանքները Գյումրիում։ Նոյեմբերի 30-ին ձնամաքրման ակտիվ աշխատանքներ էին ընթանում քաղաքի կենտրոնական փողոցներում, Գյումրու դրամատիկական թատրոնի շրջակայքում, կենտրոնական հրապարակում։ Ձնից մաքրվում էին ոչ միայն փողոցները, այլեւ արձանները։

Օդանավակայանից հրապարակ տանող ճանապարհի երկայնքով տեղադրված են Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները։ Քաղաքով մեկ տեղադրվում են Գյումրիի՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակումը հիշեցնող ցուցանակներ ու դրոշներ։ Պուտինի այցից մեկ օր առաջ փոխում են փողոցային լուսավորությունն ապահովող լամպերը։

«Պատրաստվում ենք հյուրերին ընդունելու համար։ Գյումրեցիք ուտող-խմող, հյուրասեր ժողովուրդ են»,- NEWS.am-ին ասաց քաղաքապետարանի աշխատակից Մանվելը։

Հրապարակում տեղադրվել է գլխավոր տոնածառի հիմքը, աշխատողներն ասացին, որ պետք է հասցնեն եղեւնին տեղադրել մինչեւ դեկտեմբերի 2-ը։

Քաղաքի մաքրմամբ զբաղվողները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ ձյունը «տեսքից գցել է» իրենց սիրուն քաղաքը։

Գյումրեցիները գոհ են, որ թեկուզ Պուտինի այցի կապակցությամբ վերջապես ասֆալտապատել են փողոցները, թեեւ կուզենային, որ ասֆալտապատվեին ոչ միայն կենտրոնական ու օդանավակայան տանող ճանապարհները, այլեւ ծայրամասերը, որտեղ փողոցներն այնքան անբարեկարգ են, որ նույնիսկ քաղաքի երթուղայինները այնտեղ չեն հասնում, մարդիկ ստիպված ոտքով են տուն գնում։ Նույնիսկ թատրոնի շրջակա տարածքում ասֆալտն ամբողջությամբ չեն թարմացրել։ Թատրոնի դիմացի մայթը, որը դուրս է մնալու Պուտինի երթուղուց, ասֆալտը պարզապես տեղ-տեղ կարկատել են։ ՌԴ նախագահի երթուղու ճանապարհին ընկած բոլոր դիտահորերը զոդում են։ Քաղաքում աննախադեպ թվով ոստիկանական մեքենաներ կան։ Այսօր առավոտյան  Երեւանից Գյումրի են գնացել ՌԴ նախագահի անվտանգության աշխատակիցները։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակում նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: