Դեկտեմբերի 1-ին՝  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և  մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ քաղաքացիները «Հետազոտվի'ր և ապրի'ր»  ակցիայի շրջանակում ժամը 16:00-ից մինչև 18:00-ն  անվճար հետազոտվեցին՝ ստուգելով իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:

Թեստավորման շրջիկ լաբորատորիաները մինչև այդ մեկ շաբաթ եղել էին Գեղարքունիքի և  Լոռու մարզերում, այնտեղ ևս անվճար հետազոտման ակցիաներ անցկացրել:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հաշվարկային տվյալներով ՁԻԱՀ-ի մեծ մասը գալիս է արտագնա աշխատանքների միջոցով:

 «Մարդկանց մեջ ասոցացված է, որ դա բոլորի հիվանդությունն է, բայց ոչ թե իրենցը: Եվ շատ ճիշտ կլինի, որ մեր քաղաքացիները իմանային, որ այն արյան միջոցով և  սեռական ճանապարհով է փոխանցվում»,-NEWS.am-ին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Սեմ Թադևոսյանը:

Հյուսիսային պողոտայում ակցիան ուղեկցվում էր DJ Vakcina-ի մասնակցությամբ համերգով, իսկ նախաձեռնության անդամները տեղեկատվական թռուցիկներ էին բաժանում անցորդներին: