Դալմայի այգում 1000 քառակուսի մետր հողատարածքի նախկին սեփականատեր Էդիկ Սիմոնյանը մինչեւ հիմա քաղաքապետարանից ամբողջությամբ չի ստացել խոստացված 10 հազար դոլար փոխհատուցումը։ Այս մասին NEWS.am-ին ասաց Էդիկ Սիմոնյանի լիազորված անձ Կարինե Ղուկասյանը, որը դեկտեմբերի 4-ին դստեր՝ Նելլի Սիմոնյանի հետ հերթական անգամ քաղաքապետարան էր գնացել՝ պահանջելու իրենց հասանելիք գումարը։
«Մի տարի ա՝ խաբում են: 5000 դոլարը տվեցին, 5000-ը չեն տալիս»,- պատմեց Նելլի Սիմոնյանը՝ ասելով, որ գումարի առաջին կեսը տվել են հոկտեմբերին, մյուս կեսը խոստացել են տալ երեք օրվա մեջ։ Նախկին սեփականատերերի տեղեկություններով՝ իրենց հողը օտարելուց հետո 1 մլն դոլարով վաճառել են Սիրիայի քաղաքացու։
Նելլի Սիմոնյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը եւ քաղաքապետարանի աշխատակիցները երկու ամիս է՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ են ուղարկում իրենց, ասում, որ նրանից գումար պահանջեն: «Ասում են՝ Նարեկ Սարգսյանը պիտի տա: Հետո ոնց եղավ՝ իրա մոտ հայտնվեցի,Նարեկ Սարգսյանն էլ ասեց՝ ես տվել եմ իմ չափով»,- ասաց Նելլի Սիմոնյանը:
Նա հայտարարեց, որ եթե խոստացած գումարը չտան, կվերադարձնի քաղաքապետարանի վճարած 5000 դոլարը. «Տան կամ չտան, ես բերեմ, մնացածը տամ, չիմանան՝ ողորմելի ենք: Կբերեմ, կթափեմ իրանց երեսին»:
Նելլի խոսքով, քաղաքապետարանի հետ իրենք նախկինում էլ են գործ ունեցել, բայց այսպիսի վերաբերմունք չեն տեսել։ «Մալաթիայի տոնավաճառն է դարձել: Քաղաքապետը էսքան բանից հետո, հինգ հազար դոլարը տա, հինգ հազարը չտա՞: էս քաղաքապետի մակարդա՞կ ա: Մենակ կարա քցող ու խաբեբա մարդ լինի, ու ինքը մեր ղեկավա՞րն ա: Ինքը մակարդակ չունի, Բեգլարյանի ժամանակ էլ ենք փող ստացել, Կարեն Կարապետյանի ժամանակ էլ, իսկ էս պահին ես կարամ ասեմ՝ ստեղ տոնավաճառ ա, որ կարան խաբեն, սենց բան անեն... Առաքելյանը փողոցը անցնելուց ինձ հաթաթա ա տալիս, ասում ա՝ գործը վերջացնելուց հետո նոր կխոսանք իրար հետ»,- ասաց Սիմոնյանը:











