Գառնու տաճարի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սեզոնային սրճարանը կառուցվելու է, և գյուղապետ Աշոտ Վարդանյանի թույլտվությունը դրա համար հարկավոր չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը: Նրա խոսքով՝ գյուղապետին դիմել են ոչ թե նրանից շինթույլտվություն ստանալու, այլ սահմանված ընթացակարգի շրջանակում։

«Եթե մշակույթի նախարարությունը թույլ է տվել ու ամեն ինչ արվում է ըստ օրենքի, գյուղապետը մերժելու հիմք չունի»,- ասաց ՊՈԱԿ-ի ղեկավարը՝ նշելով, որ գյուղապետը 20 օրվա ընթացքում պետք է ուղարկեր կամ դրական պատասխանը կամ մերժելու դեպքում բերեր հիմնավոր փաստեր, սակայն մինչեւ հիմա գյուղապետը չի պատասխանել։

Արձագանքելով Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի NEWS.am-ի հետ զրույցում բերած այն հիմնավորմանը, որ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք կառուցվելիք սրճարանի տակ մշակութային շերտն ուսումնասիրվել է, ՊՈԱԿ-ի ղեկավարն ասաց, որ 240 մետրի վրա, որտեղ իրենք նախատեսում ենք կառուցել սրճարանը, ըստ հնագետի եզրակացության, մշակութային շերտը չի խաթարվում, որովհետև քանդման, բետոնապատման աշխատանքներ չեն իրականացվում. «Կանգնակների վրա են լինելու թե նստարանները, թե ծածկոցները, թե կոնկրետ տաղավարը, որ պետք է տեղադրվի»։

Սրճարանում, որը նախատեսվում է բացել հաջորդ տարվա մայիսին, ըստ ՊՈԱԿ-ի ղեկավարի, տաք ուտեստներ չեն պատրաստվելու. «Խորոված, քաբաբ, և այլն չի լինելու, միայն կմատուցվեն բուտերբրոդներ, զովացուցիչ ընպելիքներ»:

Սրճարանի գործարկումից ստացված եկամտով ՊՈԱԿ-ը մտադիր է փոխել տաճարի տարածքի սալահատակը, վերանորոգել արքունական բաղնիքի խճանկարը, բացի այդ կազմակերպել այն քարաբեկորների ցուցադրությունը, որոնք երկար ժամանակ չի ցուցադրվել: ՊՈԱԿ-ի ղեկավարը վստահ է, որ սրճարանն ավելի կխթանի զբոսաշրջության աճը:

Հիշեցնեն, որ ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը եղել էր Գառնու տարածքում, որտեղ այս պահին շինարարությունը դադարեցված է գյուղապետի պահանջով։ Գյուղապետ Աշոտ Վարդանյանը մեր թղթակցին ասել էր, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։