Քաղաքական արվեստը հինգերորդ իշխանություն է, արվեստի խնդիրը հենց դիմադրությունն է, երբ արվեստագետը կորցնում է համարձակությունը, դառնում է կոմֆորմիստ, իսկ նրա արվեստը դառնում է դիզայնի նման մի բան: Այսպես են կարծում «Արտ-լաբորատորիա» խմբի անդամները, որոնք օգտագործում են արվեստի արտահայտչական ուժը` իշխանություններից իրենց բողոքը ներկայացնելու համար եւ իրենց անվանում են արվեստի ընդդիմադիր խումբ։
«Քաղաքական արվեստը հենց ինքը ներկայանում է որպես դիմադրության միջոց, որով դու քննադատում ես պետական ինստիտուտներին»,- NEWS.am-ին ասաց մշակութային ՀԿ-ի անդամ Արթուր Պետրոսյանը:
Խմբի անդամները պատկերում են գրաֆիտի, սթրիթ-արթ, կազմակերպում ակցիաներ, հիմնականում հանրային վայրերում, անցումների տակ:
«Գրաֆիտիների սրությունից ու ակտուալությունից է կախված, թե դրանք երբ կջնջեն, օրինակ ինքնասպան զինվորը 2 օրում ջնջեցին, Շանթի դիմանկարը նույն գիշերը ջնջեցին»,- պատմեց Արթուր Պողոսյանը:
Խմբի անդամ Վարդան Ջալոյանի խոսքով՝ քաղաքական արվեստը միայն գրաֆիտի չէ. այն իր մեջ դրամատիզմ է պարունակում. «Մեր նպատակն է ակցիաների, տրաֆարետների միջոցով արձագանքել երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծել իրավիճակներ, որոնք կարող են բացահայտել Հայաստանում կատարվածը»։
Աշխարհում շատ նկարիչներ ու արվեստագետներ են միանում ընդդիմադիր ուժերին, բայց քաղաքական արվեստի նշանակությունը, խմբի անդամների խոսքով, ուրիշ է։
«Մենք ոչ թե աջակցում ենք ընդդիմադիր կուսակցություններին, այլ մեր վերաբերմունքն ենք արտահայտում իրադարձությունների նկատմամբ»,-ասաց Արթուր Պետրոսյանը։
Արդեն վեց տարի գործող «Արտ-Լաբորատորիա» մշակութային խումբը սթրիթ-արթի միջոցով բազմաթիվ բողոքի ակցիաներ է իրականացրել Երեւանում։ Դրանց մի մասը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանի պատկերը Ազգային ժողովի պատին նկարելու համար խմբի չորս տղաներին տուգանել են 30 հազարական դրամով՝ պատճառաբանելով, որ փչացրել են պետական գույքը։ Երիտասարդներն արդեն փաստաբաններ են վարձել և վիճարկելու են տուգանքի որոշումը։
«Հայաստանում որեւէ տարածք չկա, որը լինի հանրային տարածք, որտեղ մարդը կարողանա իրեն ազատ արտահայտել»,- ասաց Վարդան Ջալոյանը՝ նշելով, որ իշխանության հակառակորդը ոչ թե ընդդիմությունն է, այլ հանրությունը, դրա համար էլ իշխանությունը ձգտում է կրճատել հանրային տարածքները։























