Կիեւում Անկախության մայդանում «Միլիոնների քայլերթ» անվան ներքո տեղի է ունենում 3-րդ համաժողովրդական վեչեն: Հանրահավաքի կազմակերպիչները հաղորդում են, որ հրապարակում արդեն հավաքվել է մեկ միլիոն մարդ, ինչի մասին խոսվում էր նակխինում, հայտնում է Gazeta.ua-ն:

ՈՒՆԻԱՆ գործակալության տվյալներով՝ Մայդանում Ժողովրդական վեչեին մասնակցում է նվազագույնը 100 հազար մարդ:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Կիեւում ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ ակցիային մասնակցում է մոտ 20 հազար մարդ: Կիեւի կենտրոնում հասարակական կարգի պաշտպանությանը հետեւում է ոստիկանության մոտ 5000 աշխատակից՝ այդ թվում նաեւ պահեստային ջոկատները:

ՈՒՆԻԱՆ-ը նաեւ հաղորդում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հետեւում են Անկախության մայդանում կարգի պահպանմանը ռադիոկարգավորվող տեսախցիկի օգնությամբ, որը տեղադրել են օդում հատուկ սարքավորման միջոցով:

Ինչպես հաղորդում է LB.ua-ն, ակցիան սկսվել է տեղական ժամանակով 12:20-ին աղոթքով, որն անցկացրել է Միխայլովսկի Զլատովերխի նաքի եպիսկոպոս Ագապիտ Վիշեգորոդսկին: Ցուցարարները պահում են փոքր երկնագույն ցուցատախտակներ՝ «Վախ չկա այստեղ: Գնա Մայդան», «Արեւմուտքն ու արեւելքը մեկ նպատակ ունեն. Հանցագործներին հեռացնել իշխանությունից»:

Հաղորդում են նաեւ, որ Կրեշչատիկում հայտնվել են մարդիկ բրիտանական դրոշներով, որոնք շարժվում են Անկախության մայդան: Դրոշներից մեկի վրա ուկրաիներեն գրված է «Մեծ Բրիտանիան ձեզ հետ է»: Ուկրաինացիները մոտենում են այդ մարդկանց եւ անգլերեն շնորհակալություն են հայտնում աջակցության համար:

Այդ ընթացքում, Մարիինյան այգում տեղի է ունենում Ռեգիոնների կուսակցության հանրահավաքը: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, մասնակցում է մոտ 3000 մարդ: Ընդ որում, Ռեգիոնների կուսակցությունը հաղորդում էր ակցիայի 15000 մասնակիցների մասին:

Հատկանշական է, որ ցուցարարներին միջոցառմանը թողնում են միայն հատուկ անցաթուղթ-հրավերներով: Այգում տեղադրված է նվաագույնը 10 ճամփորդական վրան՝ առանց խորհրդանշանների. ցուցարարները նախատեսում են գիշերել այնտեղ մինչեւ երկրում իրավիճակի կարգավորումն ու եվրամայդանի ցրումը: