Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի Արզամաս քաղաքում ներգաղթյալների դեմ ցույցեր են սկսվել: Ոստիկանությունը մի քանի տասնյակ մարդու է ձերբակալել: Տեղի բնակիչները հասցրել են ավերել մի քանի կրպակներ եւ խանութների ցուցափեղկեր: Ջարդարարների հիմնական թիրախը հայկական երկու սրճարաններն են:
Ալեքսանդր Սլակաեւի սպանությունը տարերային ցույցի պատճառ է դարձել, որը տեղի է ունեցել Արզամասի կենտրոնում: Տեղի բնակիչներն իշխանություններից պահանջել են փակել քաղաքի «ոչ ռուսական» հաստատությունները: Դեկտեմբերի 9-ին վրդովված բնակիչների եւ իրավապահների հանդիպումից հետո ներկաների մի մասը մեկնել է ավերածություններ կազմակերպելու:
«Ոստիկանները մի քանի տասնյակ երիտասարդի է ձերբակալել, հիմնականում՝ հարբած վիճակում», - հայտարարել է ՆԳՆ ԳՎ Նիժեգորոդսկի մարզի մամուլի ծառայության պետ Օլգա Կրավչուկը՝ հավելելով, որ ճշտվում է ավերածություններին նրանց մասնակցության հարցը:
Քաղաքում օպերատիվ իրավիճակը վերահսկում է է ՆԳՆ ԳՎ Նիժեգորոդսկի մարզի պետ Իվան Շայեւը: Քաղաքում քաղաքացիական ակտիվիստների հանդիպումներ եւ բնակչության հետ պրոֆիլակտիկ զրույցներ են տարվում, հայտնում է grani.ru-ն:
Հաղորդվում է, որ 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաեւը դեկտեմբերի լույս 7-ի գիշերը սպանվել էր «Օջախ» (Очаг) սրճարանի մոտ տեղի ունեցած կռվի ընթացքում: Ըստ տեղի բնակիչների՝ սրճարանը հայերին է պատկանում:
Սպանություն գործելու կասկածանքով երեք տղամարդու են ձերբակալել՝ 1982, 1972 եւ 1986 թվականներին ծնված:
Քննիչները ձերբակալվածների մասին ոչ մի այլ տվյալ չեն հաղորդում՝ վստահեցնելով, որ կռիվը ոչ թե ազգային, այլ կենցաղային հողի վրա է կատարվել:











