Մոտ երկու ամիս առաջ Հայաստանի գրողների միության նախագահ ընտրված Էդվարդ Միլիտոնյանն արդեն հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Միության անդամակցությունից հրաժարվելու դիմում են ներկայացրել գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը, գրող Գուրգեն Խանջյանն էլ որոշել է սառեցնել անդամակցությունը: Պատճառը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում  ՀՀ պետական մրցանակին արժանանալու հավակնությունն է։

Թեեւ պաշտոնապես դեռ չի հայտարարվել  պետական մրցանակին արժանացած գրողի անունը, բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ պետական հանձնաժողովը ՀՀ ամենաբարձր մրցանակին եւ 5 մլն դրամ պարգեւատրմանն է արժանացնելու Էդվարդ Միլիտոնյանի «Է» ժողովածուն:

NEWS.am-ի թղթակիցն այսօր հանդիպել է Գրողների միության նախագահի հետ, որն առաջարկել է ծանոթանալ մրցանակի արժանացած գրքի բովանդակությանը, ընթերցողներին հորդորել ձեռք բերել ու կարդալ ժողովածուն:

ՀԳՄ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել «ռաբիզացման ուղի բռնած» գրականության հետագա ճակատագրի առնչությամբ, իսկ շրջանառվող լուրերը անվանել իրեն վարկաբեկելու նպատակով կազմակերպած հատուկ քայլ:

Միության նախագահը որեւէ խոչընդոտ չի տեսնում պաշտոնի եւ ստեղծագործական անհատի գործունեության միջեւ, իսկ իր ստեղծած արվեստը համարում «նոր խտացված գույն ժամանակակից  գրականության  էջերում»:

«Ես ստեղծագործում եմ համադրական ոճերում, եւ նույնիսկ կարող է մեկ բանաստեղծության մեջ տարբեր ոճերի համադրություններ լինեն: Գրականության մեջ Ժամանակակից մտածողությունը հարթ, ողորկ չէ եւ, այո, կան բանաստեղծություններ, որոնք կարող են մի փոքր դժվար ընկալվել: Դրանք հասկանալու համար ընթերցանության փորձ է պետք ունենալ եւ ճաշակ»:

NEWS.am-ի  ներկայացնում է երկու բանաստեղծություն Գրողների միության նորընտիր նախագահի պետական մրցանակի առաջադրված ժողովածուից՝ հեղինակի ընթերցմամբ եւ մեկնաբանությամբ:

Նվարդ Մանվելյան