Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, Փոփոխությունների թատրոնը ներկայացրեց իր «Ծիածանի գործով դատավարություն» ինտերակտիվ ներկայացումը։
«Միացյալ երիտասարդկան լիգան» տարածել էր հաղորդագրություն՝ ահազանգելով, որ բեմադրությունը նույնասեռականություն է քարոզում։ NEWS.am-ի թղթակիցը ներկա գտնվեց ներկայացմանը, որը «Ծաղկանց գյուղից մի կնոջ գործով դատավարություն էր, որը գողացել էր գյուղի ծիածանը» եւ ուզում էր սեռափոխվել, որովհետեւ հոգնել էր կին լինելուց։
Ներկայացման ինտերակտիվ հատվածում, որտեղ դահլիճում ներկաները կարծիք էին հայտնում ներկայացման մասին, բեմ դուրս եկավ Խաչիկ Ստամբոլցյանը եւ հայտարարեց, որ այն, ինչ կատարվում է Տիկնիկայինի բեմում, ազգադավություն է եւ խայտառակություն։
«Այսօր այստեղ տեղի է ունենում ֆարս, օտարերկրյա կազմակերպությունները ծաղրի են ենթարկում հայ ընտանիքը, պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ում 25 անգամ ավելի շատ են ընտանեկան բռնությունները, քան Հայաստանում։ Դուք ամոթ չունեք, որ փողի համար անարգում եք հայ ընտանիքը։ Տրանսվեստիտի գաղափարն եք տարածում, սա սողացող դավաճանություն է»,- հայտարարեց Ստամբոլցյանը՝ նշելով, որ այսպիսի ներկայացումների գալը մեղք է։
Ներկայացման բեմադրիչ Հայկ Սեկոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը հովանավորում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և այն արդեն մեկ տարի է, ինչ բեմադրվել է։
Հարցին, թե ինչու այդ ներկայացման հերոսը չի ընտրում ամուսնալուծությունը սեռափոխության փոխարեն, Սեկոյանը պատասխանեց, որ Հայաստանում, հատկապես գյուղական համայնքներում կնոջ համար հասարակական կարծիքի պատճառով անիրատեսական է ամուսնալուծվելը։
Պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է։











