Դեկտեմբերի 13-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու Հարավային Կորեայից ժամանած հյուրերը Հայաստանում Կորեայի մշակույթի օրը նշեցին կորեական ավանդական գիմչիով եւ տոկով. «Պատրաստել ենք գիմչի, որը կորեացիների թթուն է՝ հարուստ վիտամիններով: Այն հիմնականում պատրաստում են չինական կաղամբից և կորեական բողկից: Բացի դրանից պատրաստել ենք մի հետաքրքիր ուտելիք՝ պատրաստված կաղինից»,- NEWS.am-ին  ասաց ԵՊԼՀ Կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի դասախոս Դոնարա Հարությունյանը:

Կենտրոնի դասախոսները եւ ուսանողներն արդեն երեք տարի անընդմեջ Հայաստանում նշում են Կորեայի մշակույթի օրը. «Ճիշտ է, արդեն երրորդ անգամ ենք նշում, բայց ամեն անգամ փորձում ենք մի փոքր տարբեր լինել. այս անգամ այնպես ենք արել, որ մեկ համարում լինեն և կորեական, և հայկական համարներ: Նույնիսկ ֆիլմում, որ նկարահանել էինք, կային և հայկական, և կորեական հարսանեկան տարրեր»,- ասաց կենտրոնի դասախոս Սյուզաննա Մեջլումյանը:

Ուսանողները ներկայացրեցին կորեական և հայկական ազգային պարեր, երգեր, տարբեր մշակութային թեմաներով զեկույցներ, իրենց նկարահանած կորեերեն ֆիլմը և «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացում:

Բրյուսովցի աղջիկները նաեւ անակնկալ էին պատրաստել. կրակոտ հիփ-հոփ հյուրերի համար։