Դեկտեմբերի 13-ին Գյումրու կենտրոնական հրապարակից մեկնարկեց «Նախախորհրդարան Գյումրի» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթը, որի մասնակիցները պահանջում էին ազատել Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին եւ մյուս քաղբանտարկյալներին։

Նախաձեռնության անդամները, որոնց միացել էին գյումրեցի ազատամարտիկները, քաղաքի փողոցներով քայլեցին եռագույն դրոշներով, ազատազրկվածների նկարներով եւ «Ազատություն քաղաքական բանտարկյալներին» գրությամբ պաստառը բռնած:

«Մեր ժողովրդի հիմնական մասի քաղքենիական, ռուսամոլ մտածողությունն է պատճառը, որ մենք հայտնվեցինք էս խորխորատում, էս ցեխում: Այս վիճակից ելքը Շանթը ցույց է տվել, ուրիշ ելք չկա»,- լրագրողներին ասաց երթի մանսակից Սեդրակ Իզմիրլյանը՝ նշելով, որ Շանթը գիժ չէ. «Նրան գիժ ասողներն են գիժ: Նա գժություն չարեց, նա ցույց տվեց, որ հայերի մեջ մի տղամարդ մնացել է»:

Ազատամարտիկ Սաթոյան Յուրիկն էլ պահանջում էր ազատել գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին՝  հավատացնելով, որ նրան ապօրինաբար են կալանավորել. «Անմեղ, խեղճ տղու գլուխը դրեցին ցավի տակ ,ու ոչինչ, դա իրանք չեն մարսի, դեռ հլը մենք քնած չենք, ոտքի ենք: Մենք պատրաստ ենք բոլորս դատվենք  նրա հետ մեկտեղ»:

Ակցիայի ժամանակ «Նախախորհրդարան Գյումրի» նախաձեռնության երիտասարդները անցորդներին բաժանում էին թռուցիկներ եւ ձայնասկավառակներ, որոնց վրա գրված էր «Միացիր դիմադրությանը, ազատագրենք Հայաստանը»: