Հայաստանը հանձնառու է շարունակելու բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանի եւ Հայաստանի ԱԺ նախագահների մասնակցությամբ կայացած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսեւորման եւ փոխադարձ հարգանքի վրա։ Մեր երկու ժողովուրդներին միավորում է նաեւ մշակութային եւ հոգեւոր ընդհանրությունները, ինչպես նաեւ մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը։ Երկու երկրները մշտապես առաջնորդվել են համամարդկային արժեհամակարգով եւ մենք հանձնառու ենք շարունակելու բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ։ Անկախությունից հետո Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար»,- ասել է Աբրահամյանը։
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռնում արտաքին քաղաքականության ոլորտում պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ ելնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներից։ «Հայկական կողմը մեծապես կարեւորում է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Հուսով եմ, որ խորհրդաժողովը հիմք կհանդիսանա միջխորհրդարանական երկխոսության շարունակականության համար»,-ասել է Աբահամյանը։
Վրաստանի ԱԺ նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին կարեւորել է երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ զարգացող հարաբերությունները՝ նշելով, որ կառավարությունները զարգացնում են կապերը տնտեսության, կոմունիկացիաների եւ այլ բնագավառներում։ «Մենք եկել ենք Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ։ Պատրաստ ենք քննարկելու երկու երկրների միջեւ առկա բոլոր հարցերը։ Մենք պարտավորություն ունենք լավացնելու հարաբերությունները երկու երկների միեւ, քանի որ դա բխում է մեր երկրների շահերից, եւ ցանկանում են մեր ժողովուրդները։ Հասկանում ենք, որ դա մեր պարտքն է, եւ վստահ ենք, որ երկրորդ կողմը եւս նույն պատրաստակամություն ունի»,- ասել է Վրաստանի ԱԺ նախագահը։
Նշենք, որ «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով երկօրյա համաժողովը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ։











