Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջարկել են դեր խաղալ «Թղթե տնակ» սերիալում:

Հանդիպման մասնակիցների շարքում եղել են Netflix մուլտիմեդիա ընկերության ղեկավար Ռիդ Հեսթինգսը, որի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվում է «Թղթե տնակ» սերիալը: Օբաման հետաքրքրվել է, թե արդյոք Հեսթինգսն իր հետ չունի՞ դեռեւս չցուցադրված սերիաների ձայնագրությունը:

Ի պատասխան Հեսթինգսը հարցրել է, թե երկրի նախագահը կցանկանա՞ր մի փոքր դեր խաղալ այդ հեռուստաշոուում:

Օբաման մերժել է առաջարկը, նշելով, որ կցանկանար, որ իրական Սպիտակ Տանը աշխատանքը լիներ նույնքան «անողոք կերպով ռացիոնալ եւ արդյունավետ», որքան դա ցուցադրվումէ  սերիալում: Նա իր համակրանքն է հայտնել սերիալի գլխավոր հերոս Ֆրենք Անդերվուդի նկատմամբ:

«Թղթե տնակ» («House of Cards») սերիալը Netflix-ի տեսածառայությունում ցուցադրվում է այս տարվա փետրվարից: Քաղաքական դեպքերը տեղի են ունենում Վաշինգթոնում: Սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2014-ի փետրվարին: