Երևանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի դեմ պետությունից գումարներ յուրացնելու համար հարուցված քրեական գործը դեկտեմբերի 19-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում անցկացվեց արագացված դատական քննության կարգով, չլսվեցին վկաների ցուցմունքները։ Գործով վկա «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը լրագրողներին ասաց, որ գործում կոռուպցիա է առկա, և քննիչները կոծկել են գործը:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Սարգսյանը, աշխատանքային պայմանագրեր կնքելով 4 մարդկանց հետ և նրանց համար նախատեսված աշխատավարձերը յուրացնելով ՝ խոշոր չափի գույքային վնաս է հասցրել պետությանը:

 Տնօրենի պաշտոնում Սուսաննայի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է, և նա այժմ դպրոցում աշխատում է միայն որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Սուսաննան ընդունել է իր մեղավորությունն ու կամովին փոխհատուցել վնասը:

Նիստին նրա փաստաբանը արագացված քննություն անցկացնելու միջնորդություն ներկայացրեց: Մեղադրող կողմը, որը մինչեւ այդ առարկել էր միջնորդությանը, փոխեց դիրքորոշումը: Այսպիսով դատարանը արագացված քննություն անցկացրեց և չլսեց գործով վկաներին՝ հրապարակելով միայն Սուսաննայի մասին բնութագրերը:

Նիստի ավարտից հետո գործով վկա Անահիտ Բախշյանը լրագրողներին ասաց, որ ինքը 2012թ. հոկտեմբերի 29-ին չորսից ավելի դրվագով է հաղորդում տվել հանցագործության մասին, սակայն դատարանը դրանք շրջանցել է: Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ ինքը շարունակելու է հաղորդում տալ հանցագործության մասին. «Այս պահին դպրոցի գարաժում մայիս ամսվանից գույք կա՝ փափուկ կահույք, բաղնիքի գույք, մեծ հեռուստացույց, թանկարժեք մսաղաց, որոնք գնել է բյուջեից դպրոցին հատկացված գումարներով։ Բոլոր այդ նկարները դատական գործում կան, և ես ապշում եմ, որ դատարանը սրանց չանդրադարձավ: Խնդրեմ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Կոստանյան, ուզում եք փաստ, ասում եմ՝ էս փաստը, ինչպես են քննիչները Շենգավիթ քննչական բաժնում կոծկել»:

Անահիտ Բախշյանն անդրադարձավ Սուսաննայի մասին գրված բնութագրերին, որոնցում աշխատակիցները միայն դրական կարծիք էին հայտնել նախկին տնօրենի մասին: Նշեց, որ բնութագիր գրողներից Մոնիկա Մարտիրոսյանը բարձրագույն կրթություն չունի,մանկավարժ չէ, իսկ Թագուհի Ստեփանյանը մանկավարժ չլինելու պատճառով մեկ ամիս առաջ ազատվել է աշխատանքից հենց իր հետաքննության շնորհիվ:

Փոխարենը պատգամավորը պատմեց, թե ինպես է Սուսաննա Սարգսյանը որոշ ժամանակ առաջ հրաժարվել բնութագիր տալ դպրոցի ուսուցիչներից մեկին, որը կույր երեխա է ցանկացել որդեգրել:

«Ես, իհարկե, չեմ կասկածում, որ էստեղ կոռուպցիա կա, ու եթե դատախազը մինչեւ վերջ չպնդի գոնե իր մեղադրանքը, կարող եք պատկերացնել այդ կոռուպցիայի չափերը»,- ասաց Անահիտ Բախշյանը: