Դեկտեմբերի 1-ից Մարզահամերգային համալիրի սահադաշտը սկսել է նորից գործել՝ ամեն օր, ժամը 12։00-24։00։
Գեղասահքով հետաքրքրվողների թիվը գնալով մեծանում է. «Երեկոյան ժամերին այցելուներն ավելի շատ են՝ տղաները գերակշռում են։ Սահադաշտ են այցելում և փոքրիկները, և պատանիները »,- NEWS.am-ին ասաց գեղասահքի մարզիչ, բժիշկ Վահրամ Սարգսյանը։
Մարզահամերգային համալիրի սահադաշտում մեկ ժամվա սահքն արժե 2000 դրամ։
«Երեխաներին որպես կանոն ընդունում ենք 5-6 տարեկանից: Պարապմունքները նորեկների համար տևում են մինչև 1 ժամ, քանի որ փոքրիկների ոսկրային և մկանային համակարգը դեռ ամբողջական ձևավորված չէ և ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ»,- նշեց Վահրամ Սարգսյանը։
Մարզահամերգային համալիրի սահադաշտին կից գործում է բուժկետ. «Ինչպես մնացած սպորտաձևերում, այնպես էլ գեղասահքում կան վնասվածքներ: Դրանք բազմազան են՝ սկսած սալջարդերից մինչև կոտրվածքներ՝ հիմնականում փակ կոտրվածքներ: Դա գալիս է մարզիչների, չմուշկների և սահադաշտի որակից»,- ասաց գեղասահքի մարզիչ, բժիշկ Վահրամ Սարգսյանը:
Վահրամ Սարգսյանը նշեց, որ գեղասահքը թանկ մարզաձեւ է, սառույցը ամբողջ տարվա ընթացքում պահելը մեծ ծախսեր է պահանջում, դրա համար էլ միայն ձմռան ամիսներին են կարողանում սառույց ապահովել։ Մարտից սկսված՝ գեղասահորդները Հայաստանում հնարավորություն չեն ունենում սառույցի վրա պարապել, միայն ֆիզպատրաստվածություն են անցնում հատակի վրա։











