Ոստիկանության Քանաքե Զեյթունի բաժնի ծառայողները բացահայտել են ոսկեղենի խարդախության դեպքը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 18-ին ոստիկանության Քանաքե Զեյթունի բաժնի ծառայողները, Մարգարյան փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ջերմուկ Քաղաքի բնակիչ 44-ամյա Նվեր Զաքարյանին:
Նա ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել. ըստ նախնական տեղեկությունների, Զաքարյանը պղնձե միջուկով եւ ոսկով պատված զարդեր եւ ձուլակտորներ էր պատրաստել եւ մոտ 260 գրամ քաշով «ոսկեղենը» 2012-ի հուլիսին 3 մլն 235 հազար դրամի դիմաց գրավադրել էր Երեւանի գրավատներից մեկում:
Նույն օրը, 19:30-ի սահմաններում ստուգվել են այդ զարդերը եւ պարզվել է, որ դրանցում առկա են այլ մետաղներ:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Նշենք, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:











