Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դեկտեմբերի 20-ին իր տարեվեջյան մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է մարզից արտագաղթի ահագնացող ծավալների դեմ պայքարել՝ երեխաներին երկրի, կառավարության նկատմամբ բացասական չտրամադրելով:
«Եթե էրեխեն մտնում ա դպրոց, և մանկավարժը անընդհատ դժգոհում ա երկրից, իշխանությունից, կառավարությունից, ոչ մի հայրենասիրական դաս, էդ երեխեն ի՞նչ պիտի մտածի դպրոցում: Էդ երեխեն մտածում ա՝ երբ պիտի դպրոցս ավարտեմ, արագ գնամ, հեռանամ էս երկրից: Նույնը մեր ընտանիքներում: Եթե մենք մեր էրեխու մոտ անընդհատ խոսում ենք բացասական բաներից, պարզ չի՞, որ էրեխեն ասում ա՝ երբ պիտի ձեռս տրանսպորտի փող ըլնի, արագ գնամ, հեռանամ: Ընդ որում ստեղ աշխատանք ունենք, առաջարկում ենք, չեն աշխատում: Բայց մենք գիտենք չէ՞՝ դրսում ինչ կարգի աշխատանքներ են անում էդ մարդիկ. մի կերպ գոյատևում են: Էդ նույն ձևով, դրա ավելի լավ տարբերակը կարող են մեր մոտ աշխատել: Բայց չգիտես ինչի, գերադասում են, որ գնան էնտեղ ինչ կենցաղային պայմաններում ապրեն. ու անունը դնում են, որ իրենք հանրապետությունից դժգոհ են, հեռացել են»,- ասաց մարզպետը՝ նշելվ, որ չգիտես ինչու Ռուսաստան գնալը մոդայիկ է դարձել։
Նշենք, որ պաշտոնական տվյալով, 2013թ. Լոռու մարզից արտագաղթել է 45 հազար մարդ։











