Ավտոեվրամայդանի ակտիվիստները դեկտեմբերի 21-ի երեկոյան պիկետ են արել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի բնակարանի մոտ: Նախարարի տան դռների առաջ նրանք խորհրդաշական կերպով ոստիկանի տեսքով տիկնիկը նետել են աղբի պարկի մեջ՝ կոչ նելով Զախարչենկոյին կամավոր հրաժարական տալ Եվրամայդանը ցրելու եւ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար: «Այլապես ժողովուրդը չի ների ձեզ ու աղբի նման աղբանոց կնետի»,- հայտարարել են պիկետի մասնակիցները:

Ինչպես հաղորդում է «Liga.net»-ը, դեկտեմբերի 22-ին Կիեւի Մայդանում Ժողովրդական վեչե է տեղի ունենում: Հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Ակցիայի մասնակիցները ծափահարություններով են ողջունել «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ազատ արձակումը:

Կառավարական թաղամասն արգելափակված է իրավապահների կողմից: Նախարարների կաբինետի մուտքերը արգելափակել են ոստիկանական ջոկատները, ինչպես նաեւ բանակի բեռնատարներն ու ավտոբուսները: