Ոստիկանությունը հաղորդում է, որ Բագրատաշենի անցակետով սահմանը հատելու փորձ անելիս բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Գազազյանը, որը դեկտեմբերի 7-ին վիճաբանության ժամանակ կրակել է Եղեգնուտ գյուղի բնակչի վրա:

Միջադեպի օրը տուժող երիտասարդը աջ ազդրի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ ասել է, թե ինքը չի ճանաչում իր վրա կրակողին: Տուժողը, որը Եղեգնուտ գյուղից է, այդ օրը հյուր էր գնացել Ռուսաստանից վերադարձած ընկերոջը, երբ օղին պակասել է, նստել է ընկերոջ «Օփել» մակնիշի մեքենան եւ մեծ արագությամբ վարել դեպի խանութ: Մեքենան փոշի է բարձրացրել, եւ ճանապարհին կանգնած Մխիթար Գազազյանը մեքենայի հետեւից սուլել է։

Մխիթարի սուլոցը վիրավորել է վարորդին եւ նա հետ է եկել «հաշիվ պահանջելու»: Նստել են մեքենան եւ վեճը շարունակել Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ: Քաշքշուկից եւ հայհոյանքներից հետո Մխիթարը դուրս է եկել մեքենայից,  իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել գյուղի բնակչի վրա եւ փախել: Մխիթար Գազայանը խոստովանել է արածը, հետո ցույց տվել՝ որտեղ է թաքցրել ատրճանակը՝ Էջմիածնի գերեզմանատանը՝ հանգուցյալ հոր շիրմաքարի հետնամասում։

Մխիթար Գազազյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112 (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու) եւ 235 (ապօրինի զենք-զինամթերք պահելու) հոդվածների հատկանիշներով: