ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներն օրիգամին և գրաֆիկական աշխատանքները միախառնելով՝ պատրաստում են օրիգամի անիմացիա:
12 պատանիները նախ լուսանկարում են իրենց օրիգամի (թղթերից պատրաստված) աշխատանքները տարբեր դիրքերով, ապա գրաֆիկական մշակման միջոցով ստանում են շարժում և լուսային էֆեկտների միջոցով ավարտին հասցնում օրիգամի անիմացիան:
Բոլոր դետալները ստանում են թղթով։ Թղթի հետ մանրակրկիտ աշխատելիս ԹՈՒՄՈ-ի սաները հաճախ են խոտան տալիս. «Անհաջողություններ միշտ էլ լինում են, բայց դժվար չի, եթե սիրով ես անում: Միշտ էլ ամեն ինչ հաղթահարելի է`թեկուզ փչացնում ենք, նաև սարքում ենք: Թուղթն այնքան նուրբ է, որ երբեմն պատռվում է, բայց, երբեմն մտքի թռիչքով այն կարողանում ենք վերականգնել, և դա ավելի հետաքրքիր է լինում, քանի որ ստանդարտներից դուրս է»,- NEWS.am-ին ասաց գրաֆիկայի մասնագետ Լիլիթ Փիլիփոսյանը:
ԹՈւՄՈ-ի սաներն արդեն հասցրել են մի քանի օրիգամի անիմացիոն ֆիլմ պատրաստել, որոնցից մեկը Արա Գեղեցիկի Շամիրամ լեգենդի մոտիվներով է նկարված. «Մեզ վրա խնդիր էր դրված` վերցնել մի լեգենդի պատմություն և այն դարձնել անիմացիա: Այստեղ Շամիրամի պատմությունն է, բայց ոչ թե Արա Գեղեցիկի Շամիրամի, այլ մի կնոջ սիրո պատմություն»,- նշեց նկարչուհի Շուշանիկ Դրոշակիրյանը:
Միջինը 4 րոպե տեւողությամբ մեկ անիմացիա պատրաստելու համար պատանիներից պահանջվում է մոտ մեկ ամիս եւ հազարավոր լուսանկարներ։











