Արարատի մարզի Հնաբերդ գյուղի համայնքապետ Մարատ Պողոսյանն ու փոխմարզպետ Սամվել Մինասյանը դեկտեմբերի 23-ին վաղ առավոտյան եկել էին դպրոց՝ ստիպելու ուսուցիչներին և աշակերտներին դադարեցնել դասադուլը, որով դպրոցի ուսուցիչները  բողոքում էին դպրոցի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանին «գյուղապետի և փոխմարզպետի կազմակերպած բանսարկության արդյունքում» հեռացնելու, և նրա փոխարեն հարեւան գյուղի դպրոցի ուսուցչուհի Վարսիկ Եղիազարյանին դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու դեմ՝ պնդելով, որ նա իրենց գյուղապետի սիրուհին է:

Արդեն 08:00-ից ուսուցիչները հավաքվել էին դպրոցում՝ թույլ չտալու փոխմարզպետին և կրթության վարչության պետ Ալբերտ Մկրտչյանին կատարել հանձնում ընդունումը:

«Դպրոցը պիտի աշխատի, երեխաներին իրավունք չունեք զրկելու դասից. հիմա ի՞նչ անենք: Երեխեքին տանենք ուրիշ դպրո՞ց»,- ուսուցչանոցում հայտարարեց փոխմարզպետը, սակայն նրան թույլ չտվեցին շարունակել խոսքը:

«Մենք դասադուլ ենք անում օրենսդրությամբ: Դուք դասադուլի համար մեկ առ մեկ ստորագրել եք, ինչո՞ւ եք լռում, ո՞վ ա ձեզ վախացրել»,- վրդովված գործընկերներին էր դիմում ուսուցիչներից Դավթյան Մարուսյան։

Սամվել Մինասյանը փորձեց ուսուցիչներին ստիպողաբար դասի ուղարկել, սակայն ուսուցիչները դուրս եկան ուսուցչանոցից և նախկին տնօրենի հետ կանգնեցին միջանցքում: Փոխմարզպետը կարողացավ միայն դասի ուղարկել տնօրենի պաշտոնակատար նշանակված Վարսիկ Եղիազարյանին, որը, սակայն, դաս չարեց. աշակերտները դասի չէին եկել:

Տիկին Եղիազարյանը շփոթված կանգնել էր միջանցքում: Երկրորդ հարկի դասասենյակներն ամբողջությամբ դատարկ էին. «Գյուղապետն առավոտից բոլոր երեխեքին մտել, տներից բերել է դպրոց, բայց միայն տարրական դասարանցիներից մի քանիսին ա կարողացել բերել. բարձր դասարանցիներին նույնիսկ ահաբեկելով չի կարողացել բերել»,- ասաց ուսուցիչներից մեկը:

Ուսուցիչների խոսքով՝ դասադուլը սկսելու օրվանից՝ դեկտեմբերի 20-ից, գյուղապետն ու ոմն Հենրիկ Ավագյան շրջում են իրենց տներով, զանգում, վախեցնում. «Բոլորիս հերթով զանգում ա, ամեն մեկիս մի կերպ են վախացնում, մի քանիսին նույնիսկ բարձր պաշտոն են խոստացել, միայն թե լռենք, որովհետև գիտեն՝ դասադուլն արդյունք է տալու»,-  ասաց ընկեր Դավթյանը, որն արդեն 35 տարի դասավանդում է Հնաբերդի դպրոցում:

Այսօր էլ գյուղապետն ու Հենրիկ Ավագյանը ստվերի նման հետևում էին ուսուցիչներին ու աշակերտներին՝ թույլ չտալով նրանց խոսել լրագրողի հետ: Ուսուցիչների հետ ստիպված խոսեցինք հավաքարարների սենյակում: «Գյուղապետը դուրս եմ գալիս բռնում ա, ասում՝ գնա դասարան, ինձ սպառնում ա, ասում ա՝ դու վաղվա մասին չես մտածո՞ւմ, չես վախենո՞ւմ վաղվա օրից, այսինքն՝ չեմ աշխատելու: Իրա մարդը որ եղավ տնօրեն, դա հավաքարար չի աշխատելու, իրա խոսքերն եմ ասում»,- ասաց ընկեր Վարդանյանը:

Ուսուցիչնեից մեկն էլ ասաց, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ դպրոցի բոլոր մանկավարժները հանրապետական են, իսկ գյուղապետը՝ ԲՀԿ. «Դրա համար ա էս կռիվը գնում. կուսակցական պայքար ա սա, թե չէ ընկեր Մեջլումյանի դեմ ոչ մի բան չկա»։

Այս ամբողջ ընթացքում Հենրիկ Ավագյանը գյուղի մի քանի տղամարդկանց հետ կանգնել էր դպրոցի գլխավոր մուտքի մոտ և հսկում էր, թե ով ինչ է խոսում: Լրագրողի հարցին, թե ինչու է դպրոցի ներսում ծխում, նա բորբոքված պատասխանեց՝ «հավքի ապարատդ», ու հայհոյելով դուրս եկավ դպրոցից:

Նշենք, որ գյուղապետը հերքում է տեղեկությունը, թե Վարսիկ Եղիազարյանն իր սիրուհին է։