Երևանում փողոցները մաքրվում են ձնից, սակայն բակերը, հատկապես ծայրամասերում, այս տարի դեռ ոչ մի անգամ չեն մաքրվել։ Աջափնյակ համայնքում, օրինակ, բնակիչները NEWS.am-ի թղթակցին ասացին, որ համայնատիրությունների հետ հույս չեն կապում, սովորել են զգույշ ու դանդաղ քայլել սառցապատ գետնի վրայով, ընկնելու դեպքում էլ, այնպես ընկնել, որ կոտրվածքներ չստանան։
«Չեն մաքրում, պարզապես անտերության ա մատնված: Կենտրոնը մաքուր մաքրում են, իսկ մնացած թաղամասերը կեղտոտ են: Համայնատիրությունը ի՞նչ գործ ա անում՝ չգիտեմ: Մենակ փող ա հավաքում»,- ասաց Աջափնյակի բնակչուհիներից մեկը՝ նշելով, որ ինքը մի քանի անգամ արդեն ընկել է։
«Էնքան ենք ընկնում, որ արդեն էլ... Սարսափելի ա: Չեն մաքրում»,- ասաց մյուսը։
Բնակիչներն ասացին, որ համայնատիրություն չեն դիմում. նախորդ տարիների փորձից գիտեն, որ բակերի սառույցը, միեւնույն է, վերանալու է միայն եղանակի տաքանալուց հետո։











