Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների լկտի պահվածքից բորբոքված լրագրողները միահամուռ որոշեցին հեռանալ համալսարանից՝ չմասնակցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ուսանողները հեռախոսներով նկարահանում էին լրագրողներին, շարֆերով ու գլխարկներով փակում իրենց դեմքերը, ռեպլիկներ բաց թողնում կին լրագրողների հասցեին։
Մինչեւ այդ շենքի բակում ուսանողները հայհոյել էին լրագրողներին։ Այս միջադեպի կապակցությամբ լրագրողները դիմել էին ոստիկանություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ ՄԻ պաշտպանը հենց նոր եկավ Տնտեսագիտական համալսարան, եւ այժմ ներսում է՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ քաղաքապետը թեկնածուական թեզ է պաշտպանում «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» - «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար։ Նրա գիտական ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ.Լ. Աթոյանը։ Ուսանողներն արգելել են լրագրողներին մտնել դահլիճ։











