«Այսօր ՀՊՏՀ-ում ուսանողների եւ լրագրողների միջեւ տեղի ունեցած միջադեպը ՀՀ կրթական համակարգում տիրող հոռի բարքերի ամենավառ դրսեւորումներից էր: Լրագրողները ՀՊՏՀ էին այցելել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար, սակայն նրանք համալսարանում հանդիպեցին ներսում գտնվող երիտասարդների լկտի վերաբերմունքին: Այդ մասին ասվում է «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միության տարածած հայտարարության մեջ:

«Համացանցում առկա տեսանյութից ավելի պարզ է դառնում տեղի ունեցած սանձարձակությունը: Ուսանողների նմանատիպ պահվածքը խոր արմատներ ունի: Ինչպես տեղեկացանք մեր ուսանղական միության անդամներից, տեսանյութում անմարդկային պահվածքով աչքի ընկնող երիտասարդները ներկայացնում են տվյալ բուհի Ուսանողական խորհուրդը:

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին եւ ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել: Հակառակը` բուհերում գործող Ուսանողական խորհուրդները գնալով ավելի ու ավելի են նմանվում խորհրդային տարիների Կոմսոմոլին: Այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ խայտառակություն, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցած ուսանողները նվազագույնը պետք է հեռացվեն բուհից: Այս իրավիճակը եւս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

«Քաղաքացիական Գիտակցություն» հասարակական կազմակերպության «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը դատապարտում է ՀՊՏՀ-ում տեղի ունեցած սանձարձակությունը եւ պահանջում ԿԳՆ-ից համացանցում առկա տեսանյութի «հերոսներին» պատասխանատվության ենթարկել` համաձայն տվյալ բուհի ներքին կանոնադրության եւ ՀՀ օրենքների, այլապես նմանատիպ սանձարձակության անպատիժ մնալն օրերից մի օր պատուհաս է դառնալու հենց իրենց համար: Մի օր ձեր «զորքը» ձեր դեմ է դուրս գալու»,- նշված է հայտարարությունում: