ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակիցները  այսօր՝ դեկտեմբերի 26-ին, այցելել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ եւ  ամանօրյա նվերներ տարել հիմնարկի 9 անչափահաս դատապարտյալներին:

«Մենք այսօր այցելել ենք այս հաստատություն  տղաներին նվերներ մատուցելու համար, որովհետեւ ուզում ենք ցույց տալ, որ իրենց մասին մտածում ենք, չենք մոռացել եւ ազատության մեջ սպասելու ենք իրենց»,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Բզոնկովան:

ԵԱՀԿ գրասենյակի մարդու իրավունքների հարցերով ավագ օգնական Իննա Երանոսյանն էլ ասաց, որ անչափահաս դատապարտյալներին ավելի լավ նվերներ կցանկանային տանել, բայց ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով այս անգամ միայն հիգիենայի պարագաներ են տարել:

«Հուսով եմ, որ այն ժամանակահատվածը, որ այստեղ կանցկացնեք, արագ կվերջանա եւ կվերադառնաք ձեր ընտանիքներին, ձեր ընկերներին»,-անչափահաս դատապարտյալներին ամանօրյա բարեմաղթանքներ ասաց Իննա Երանոսյանը:

Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալներն արդեն զարդարել էին տոնածառը, եւ հույսով սպասում էին, որ եկող տարին անպայման ազատության մեջ են լինելու: