Արտասահմանում քանոն երաժշտական գործիքին անծանոթ հանդիսատեսն ավելի մեծ հարգանքով է վերաբերվում այդ գործիքին, քան Հայաստանում. 16-ամյա Էթերի Հովհաննիսյանն ամեն համերգից հետո օտարերկրացիներին հաճույքով պատմում է այս գործիքի մասին: «Արտասահմանում քանոնը հայտնություն է, նորություն է: Միշտ համերգներից հետո գալիս են, քանոնին ձեռք են տալիս, մարդկանց իսկապես հետաքրքրում է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էթերին` նշելով, որ իր մեծ ցանկությունն է աշխարհին ապացուցել, որ քանոնը հայկական ծագում ունի:
Հայաստանում 14 մրցույթներում առաջին տեղ գրաված քանոնահարուհին, այնուամենայնիվ, հայրենիքում ստիպված է մարդկանց սովորեցնել հեգնանքով չխոսել գործիքի մասին. «Շատերը նույնիսկ գիտեն՝ գծագրական գործիք եմ նվագում, չեն գիտակցում, չգիտեն, որ էդպիսի գործիք ունենք: Մի զգալի հատված առհասարակ գաղափար չունի քանոնի մասին: Մարդկանց վերաբերմունքի պատճառով Էթերին մեկ անգամ չէ, որ մտածել է այլ մասնագիտություն ընտրելու մասին. «Դեռահասության տարիքում հիասթափվել էի, մտածում էի իրավաբան դառնալու մասին, բայց դա անցավ ու դրանից հետո քանոնն ավելի հոգեհարազատ դարձավ»,- ասում է 16-ամյա քանոնահարուհին:
Քանոն նվագել Էթերին սովորել է 8 տարեկանից, իսկ արդեն 9 տարեկանում առաջին անգամ մասնակցել է մրցույթի և հաղթել: Սկզբում մտածում էր միայն գործիքին տիրապետելու մասին` չմտածելով, որ հետագայում քանոնահարությունը դառնալու է իր մասնագիտությունը. «Սկզբում թերահավատորեն էի մոտենում. մտածում էի` ուղղակի կսովորեմ իմանալու համար, բայց ութ ամիս հետո մասնակցեցի առաջին մրցույթիս ու ստացա առաջին մրցանակս: Դրանից հետո մրցույթը մրցույթի հետևից ես առաջին մրցանակներ էի շահում»։ Էթերիի քանոնի ուսուցչուհի Ծովինար Հովհաննիսյանին հանդիսատեսի հիացմունքն արդեն չի զարմացնում։ «Ինքը միանգամից բարդ ծրագրեր նվագեց: Ինձ ասում էին՝ անհավատալի է, որ փոքր տարիքի երեխան այսպիսի կատարելությամբ նվագի, ես ասում էի՝ պատմելու ոչինչ չունեմ, եկեք համերգները լսեք»,- իր սանի մասին պատմեց տիկին Հովհաննիսյանը: Բացի մրցույթներից Էթերին հասցրել է 4 մենահամերգ ունենալ, իսկ 10 տարեկանում թողարկել է ձայնասկավառակ:











