Երեւանի Խորենացի փողոցի 4-րդ նրբանցքի խմելու ջուրը դեկտեմբերի 30-ից սառած է, արդեն տասն օր բնակիչները դույլերով և շշերով ջուր են կրում այն հարևանների տներից, որոնց բախտը բերել է եւ կարողացել են սառած խողովակները բացել:

«Ջուրը կտրին ամսի 30-ին, էդ եղավ մահանա, ջուրը սառավ: 3-4 տարի ջրերը չէին սառում, տրուբաներն էլ երկու տարի առաջ ենք փոխել. էնպես չի, որ հարյուր տարվա էին»,- NEWS.am-ի հետ զրույցում բորբոքված պատմեց միայնակ թոշակառու Սուսաննա Աբրահամյանը:

Տիկին Սուսաննան միայնակ է ապրում, իսկ ջուր կրել չի կարողանում առողջական խնդիրների պատճառով. «Խալխի տղամարդիկ իմ գերին են դարձել, սաղ օրը շշերով ջուր են բերում իմ համար»:

Հարեւան տանը բնակվող՝ 81-ամյա Գրիգոր պապն օրական մի քանի անգամ շշերով ջուր է կրում. «Պահում ենք մեր փորը, զուգարան չենք գնում, որ ջուր չբերենք, լցնենք. կանալիզացիան էլ ա սառել»:

«Ճիշտ ա ասում. վախենում ենք հաց ուտենք, որ զուգարան չգնանք»,-  ավելացրեց թոշակառու կինը:

Մինչ մյուսները Ամանորին տոնական սեղան էին պատրաստում եւ հյուր գնում, Սարի թաղի բնակիչները անվադող էին վառում, դույլերով ջուր բերում, եռացնում, լցնում խողովակների վրա, բայց ապարդյուն. սպասում են եղանակի տաքանալուն, միչեւ հողը չջերմանա, խողովակները չեն բացվի։