Գրողին հրաժեշտ տալու համար Կեչառիս էին եկել ՀՀ մշակույթի նախար Հասմիկ Պողոսյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, միության տարբեր մարզային կառույցների անդամներ, արվեստագետներ, ընկերներ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ինչպես նաև Սասուն Միքայելյանը, որի «Սասուն» ջոկատի կազմում է Լևոն Խեչոյանը մասնակցել Արցախի ազատագրական մարտերին:
Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը տևական ժամանակ հիվանդ էր և բուժում էր ստանում արտերկրում: Լևոն Խեչոյանին հուղարկավորել են Հրազդանի ընտանեկան գերեզմանատանը:
Լեւոն Խեչոյանի կենսագրությունը.
Լեւոն Վանիկի Խեչոյան (ծնվ. 1955, դեկտեմբերի 8, Բարալեթ, Վրաստանի Ախալքալաքի շրջան), հայ արձակագիր: Ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը (1983): 1973-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից: 1988-ից տպագրվել է հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով:
Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն: 1994-ից սկսած՝ տպագրվում է մոսկովյան «Литературная газета» թերթում, «Дружба народов», «Лепта» ամսագրերում: 1998-ին տպագրվել է «Литературная Украина» թերթում: 2000-ին լույս է տեսել ուկրաիներեն թարգմանված «Խնկի ծառեր» ժողովածուն: 1997-ին մասնակցել է Վաշինգտոնում կայացած Ասիայի գրողների համագումարին: «Սեւ գիրք, ծանր բզեզ» գրքի համար 1999-ին արժանացել է ՀՀ պետական գրական «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» մեծ մրցանակի: 2000-ի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Եվրախորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպված «Գրական ճեպընթաց «Եվրոպա-2000» միջոցառմանը:
Շրջագայել է Եվրոպայի 21 քաղաքներով: Մադրիդում, Փարիզում, Կալինինգրադում, Բեռլինում կարդացել է «Պատերազմը եւ գրականությունը» զեկույցը: 2001-ին Բեռլինում գերմաներեն լեզվով լույս է տեսել «Europaexpress» ժողովածուն, որտեղ կա նաեւ վերը նշված շրջագայության (103 գրողների մասնակցությամբ) տպավորությամբ գրված «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն: Իսկ այդ նույն ժողովածուն 2001-ին, ռուսերեն, թարգմանել եւ հրատարակել է Մոսկվայի «Радуга» հրատարակչությունը՝ «Литературное расписание Европы»: 2002-ին լույս է տեսել նրա «Տան պահապան հրեշտակը» հեքիաթների ժողովածուն եւ «Հունիսի 5-ը եւ 6-ը» պատմվածքների ժողովածուն: 2003-ի մայիսի 14–19-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած Հարավային Կովկասի գրողների հավաքին: 2003-ի սեպտեմբերին Բեյրութում լույս է տեսել նրա «Հողի դողը» պատմվածքների ժողովածուն: 2004-ին «Գրական տապան»` Եվրոպայի գրողները Հայաստանում, ժողովածուում լույս է տեսել «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն: 2004-ին պարգեւատրվել է «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով: «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար 2005-ի փետրվարին արժանացել է Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակի:
2006-ի մարտին լույս է տեսել «Ձայներ եւ տեսիլքներ» ընտրանին (պատերազմական թեմաներ): 2006-ի սեպտեմբերի 29-ին ստացել է Թէքէեան Մշակութային միության «Հայկաշէն Ուզունեան» 2004-2005թթ. Գրական մրցանակը` «Հունիսի հինգը եւ վեցը» գրքի համար: 2006-ի դեկտեմբերին ստացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակը` «Լավագույն արձակ» անվանակարգում:
2006-ի դեկտեմբերին Երեւանում լույս է տեսել «CONTEMPORARY ARMENIAN PROSE» ալմանախն անգլերեն, որտեղ «Հողի դողը» պատմվածքն էր: 2008-ի հոկտեմբերին Լոնդոնի «Taderon Press» հրատարակչությունն անգլերեն լույս է ընծայել «Black Book, Weighty Bug» («Սեւ գիրք, ծանր բզեզ») վեպը: 2009-ի մայիսին Բուխարեստում ռումիներեն հրատարակվել է «Հայ գրողների անթոլոգիա», որի մեջ էր նաեւ նրա «Ճանապարհորդը» պատմվածքը: 2009-ի նոյեմբերին եղել է Լոս-Անջելեսում` Յու-Սի-Էլ համալսարանի հրավերով:
2009-ին Գերմանիայում լույս է տեսել «Հայ գրողների անթոլոգիա», որում ընդգրկված էր նրա «Երրորդ որդին» պատմվածքը: 2011-ի ապրիլին «Նահապետ» հրատարակչությունը լույս է ընծայել նրա «Փուշը, Հայր, Փուշը» պատմվածքների ժողովածուն: 2012-ին Լվիվի «Срибне слово» հրատարակչությունը լույս է ընծայել «Խնկի ծառեր» գիրքը ուկրաիներեն լեզվով: 2013 թվականին լույս է տեսել «Պատմվածքների եւ հարցազրույցների» ժողովածուն` Սամվել Մկրտչյանի խմբագրությամբ:
Տեսանյութը՝ Ինգա Հայրիյանի











