Armenia Today լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին Հատուկ քննչական ծառայությունում այսօր` հունվարի 13-ին, մեղադրանք են առաջադրել միայն ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը), իսկ նախկին մեղադրանքը` 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (hանցագործության մասին սուտ մատնություն) հանել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Մեզ առաջարկեցին համաներում, սակայն մենք հրաժարվեցինք: Գործը դեռ Հատուկ քննչականում է: Վաղը նորից են կանչել»,- ասաց փաստաբանը։
Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն արդեն երրորդ անգամ դատարանը հետ ուղարկում Հատուկ քննչական ծառայություն:
Հարցաքննություն մտնելուց առաջ Արգիշտի Կիվիրյանը լրագրողներին ասաց, որ քննիչները վախենում են գործն ուղարկել դատարան. «Հենց այս գործը մտնի դատարան, լրագրողները և հասարակության լայն շերտերը կտեղեկանան, թե ինչ է իրենից ներկայացնում Արգիշտի Կիվիրյանի դեմ թխված այս գործը: Այն չի դիմանա որևէ լուրջ քննության»:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով:











