Հնարավոր է, որ այսօր դատարանի դահլիճից Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վոլոդյա Ավտիսյանի պաշտպան Արա Զաքարյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննարկվում է ազատամարտիկի կալանքը երկու ամսով երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյա՝ որոշում կայացնելու։
«Այդ հավանականությունը կա, քանի որ դատարանը որոշակի դժվարությունների առջեւ է կանգնելու՝ կապված 4 ամիս որեւէ քննչական գործողություններ չկատարելու հետ: Քննիչը չորս ամսվա ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի կատարել Վոլոդյա Ավետիսյանի մանսակցությամբ, եւ եւս երկու ամիս խնդրում է երկարացնել, որպեսզի քննչական գործողություններ կատարի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ քննիչի նման պահվածքի պատճառն այն է, որ տուժող կողմը չի կարող Վոլոդյա Ավետիսյանի ներկայությամբ ասել այն, ինչ ասել է քննչական մարմնին ցուցմունք տալիս։
Նրա խոսքով՝ նման գործերի դեպքում կալանավորման առավելագույն ժամկետը վեց ամիս է, եւ գնալով դատարանի գործն ավելի է դժվարանում, քանի որ քննիչը ոչ մի հանգամանք չի ներկայացրել։
Փաստաբանն այսօր միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:











