Երևան քաղաքում գիշերվանից սկսված ձնամաքրման աշխատանքները ծայրամասեր եւ նույնիսկ կենտրոնի երկրորդական փողոցներ դեռ չեն հասել: Կեսօրի դրությամբ մաքուր էին միայն որոշ կենտրոնական փողոցներ:

Ամբողջ գիշեր տեղացած առատ ձյունը առավոտյան անակնկալի բերեց մայրաքաղաքի բնակիչներին, բայց կեսօրի մոտ հաճելի անակնկալ մատուցեց արեւը, նաեւ ջերմաստիճանի որոշակի բարձրացումը։

Ցավոք, ջերմաստիճանի բարձրացումը շատ կարճ կտեւի։ Օդերեւութաբանների կանխատեսումով՝ օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 15-ի գիշերը նույքանով կնվազի: Նոր տեղումներ առաջիկա 4 օրերին չեն սպասվում։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տարածել էր հաղորդագրություն, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերվանից սկսվել են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Նշենք, որ մայրաքաղաքի բակերում NEWS.am-ի նկարահանող խումբը ձնամաքրման աշխատանքներ չի նկատել։ Ծայրամասերում քաղաքացիներն իրենք իրենց ուժերով շենքերի եւ տների մուտքերը մաքրում են ձյան հաստ շերտից, որը ծածկել է այդպես էլ չմաքրված ու դեռ դեկտեմբերի տեղացած առաջին ձյան՝ սառույցի վերածված շերտը։