Մայրաքաղաքի անձնագրային բաժիններում արդեն մի քանի օր հերթեր են գոյանում` նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալու հետ կապված:

Շենգավիթի անձնագրայինում հերթ կանգնած քաղաքացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի համար դիմել են դեռ հունվարի 9-ին, խոստացել են 3  օրվա ընթացքում քարտերը տալ, սակայն մինչև հիմա չեն տվել։ Անձնագիրը 3 օրում ստանալու համար ամեն փաստաթղթի համար 10 հազարական դրամ ավելի են մուծել։ Ի դեպ, մեկ օրում անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու համար պետք է 20 հազար դրամ ավելի վճարել։

«Մի օր պրինտերը չի աշխատում, մի օր պերերիվ է, 3 օր է խաբում, տանում-բերում են, առավոտվանից էստեղ կանգնած ենք»,-ասաց Արսեն Կարապետյանը։

Անձնագրային վարչության աշխատակիցը, որը հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ հերթերը կապված են տեխնիկական, մասնավորապես, կապի հետ կապված խնդիրների հետ, եւ այսօր մինչև 19:30-ն աշխատելու են, որպեսզի բոլորին սպասարկեն:

Անձնագրային վարչության պետ Ն. Բարսեղյանն էլ ասաց, որ հերթերը կապված են մարդկանց մեծ հոսքի հետ. «Տարբեր տեղերից են մարդիկ դիմում, այնպես չէ, որ միայն Շենգավիթի բնակիչներն են դիմում: Արմավիրի, Արարատի մարզից կան, շատ են Մալաթիայի բնակիչները»:

Նրա խոսքով՝ մարդկանց մեծ հոսքը կապված է նրա հետ, որ մարդիկ խուճապի մեջ են, փորձում են հին անձնագրերը շտապ փոխարինել նորով։

Քաղաքացիներից մեկն էլ բողոքեց, որ նույնականացման քարտը և կենսաչափական անձնագրերը շատ թանկ են։

«Ես թոշակառու եմ, 25 հազար թոշակ եմ ստանում։ Անձնագիրն արժե 28 հազար դրամ»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիների մեծ հերթը անձնագրային վարչությունում սպասարկում էր ընդամենը մեկ աշխատակից։ Հերթի կուտակման նպաստում էր նաեւ այն, որ քաղաքացիները չեն կարող իրենց հետ լուսանկար բերել, իսկ բաժնում միայն մեկ լուսանկարահանող սարք կար։

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում հին անձնագրեր այլեւս չեն տրամադրվում։ Նոր անձնագիրն ու նույնականացման քարտը սահմանված կարգով կարելի է ստանալ 15 աշխատանքային օրվա, լրացուցիչ գումար մուծելու դեպքում՝ 3 օրվա ընթացքում։ Նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։

Ի դեպ, նույնականացման քարտն իր մեջ պարունակում է էլեկտրոնային ստորագրություն, որի շնորհիվ քաղաքացին կարող է համակարգչի միջոցով կատարել գործարքներ: