Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի եզդիների գերեզմանատունը ոչ թե քանդել են հարակից տարածքում գտնվող գինու գործարանի տարածքը մեծացնելու համար, ինչպես պնդում են գյուղում բնակվող եզդիները, այլ տրակտորի վարորդը գործարանի խաղողի այգին մշակելիս պատահաբար հարվածել է գերեզմանատան քարերին ու տեղաշարժել դրանք։ Այս մասին ասաց NEWS.am-ին ասաց Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը՝ նշելով, որ դեռ 6 ամիս առաջ է գյուղի եզդիներից տեղեկացել խնդրի մասին։ Նրա խոսքով՝ գործարանի սեփականատերը վերականգնել է վնասված գերեզմանները։
«Քանի գերեզման է եղել, ոչ ոք չի կարող ասել։ Շատերի հարազատներն ըսկի գյուղում էլ չեն ապրում, ովքեր որ այստեղ թաղված են»,- ասաց գյուղապետը։
Մյասնիկյանի բնակիչ Հովհաննես Շամոյանը, որի նախնիները նույնպես թաղված են գերեզմանոցում, NEWS.am-ին ասաց, որ 20-24 գերեզման է եղել։ Բայց գործարանի սեփականատերը բոլորը չէ, որ վերականգնել է։
«Ամռանը նկատեցի, որ գերեզմանաքարերը քանդված են ու հարթեցված: Դիմել եմ և գյուղապետարան, և Ազիզ Թամոյանին, որից հետո եկան մի քանի քար դրեցին, բայց մի երեք-չորս գերեզման կա, որ դրված չի»,- ասաց նա։
NEWS.am-ի նկարահանող խմբի այցելության պահին տարածքն ամբողջովին ձյունածածկ է. իրական պատկերը պարզ կդառնա ձնհալից հետո։
Գյուղի եզդի բնակիչները գյուղապետին առաջարկեցին համայնքի միջոցներով ցանկապատել գերեզմանոցի տարածքը, սակայն գյուղապետը նշեց, որ ոչինչ չի կարող խոստանալ, քանի որ դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, եւ ավագանին պետք է որոշի։ «Որ հարյուր տարի էսպես մնացել ա, թող մի հարյուր տարի էլ մնա էլի»,- ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ն տարածել էր հաղորդագրություն, որում հայտնում էր, որ գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանը քանդել է Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը՝ գործարանի համար այգի կառուցելու նպատակով՝ կատարվածն անվանելով սրբապղծություն։











