Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 15-ին, հետաձգվել է օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող, վերլուծաբան Կիվիրյանի հայցով դատական նիստը՝ քննիչ Լևոն Մելքոնյանի բացակայության պատճառով։ Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ քննիչը խնդրել է հետաձգել նիստը, քանի որ քնչական գործողություններ պետք է իրականացներ ՀՔԾ-ում։

Արգիշտի Կիվիրյանն ու իր փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը, լրագրողներին ասացին, որ դատավորն ու քննիչը արհեստականորեն ձգձգում են գործը։

«Մնում էր, որ դատարանը հեռանար խորհրդակցական սենյակ, որովհետև քննիչն անցած անգամ արդեն հայտնել էր իր դիրքորոշումը, սակայն այս դատարանը սպասում է Վարչական դատարանի որոշմանը, որպեսզի իրարից անկախ հակառակ որոշումներ չկայացնեն»,- այս մասին լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը ոստիկանությանը մեղադրում է օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույց անելու եւ խոտածածկ տարածքում վրան տեղադրելու պատճառով իրեն բռնությամբ բերման ենթարկելու եւ ոստիկանության Կենտրոնի բաժնում 3 ժամից ավելի ապօրինաբար պահելու համար։ Կիվիրյանը դիմել էր ՀՔԾ, որտեղ մերժել էին նրա հայցը վարույթ ընդունել, որից հետո նա դիմել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Դեկտեմբերի 19-ին Արգիշտի Կիվիրյանն ու իր փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը առանց հիմնավորման լրագրողներին արգելեց տեսանկարահանել նիստի ընթացքը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am