«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանին կալանավորել են եզդի լինելու պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամի մայրը՝ Կարինե Ամոյանը՝ նշելով, որ անազատության երկուսուկես տարվա ընթացքում երեք անգամ ուղեղի կաթված ստացած իր որդուն դատարան են բերում գրկած:
«Անմեղ ա իմ երեխան, ինչքա՞ն կարելի ա ասել: Ինչի՞ չեն գործերը քանդում, նայում, որ իմ երեխան անմեղ ա: Եթե որպես եզդի են էդպես տանջում, թող հիմիկվանից զգուշացնեն: Երեխուս գրկած են բերում տանում»:
Քյարամի մայրը դիմել է ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին՝ խնդրելով որդուն տեղափոխել քաղաքային հիվանդանոց. «Գլխի պրոբլեմ ունի տղաս, երեք անգամ ինսուլտ է տարել, ճնշումն է բարձր, չի կարգավորվում: Նրան նորմալ բուժում է հարկավոր»:
Տիկին Ամոյանի խոսքով՝ Քյարամը միշտ էլ առողջական խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ բուժվել է Մոսկվայում, իսկ Հայաստան վերադարձել էր 2011թ. սեպտեմբերի 20-ին, քանի որ հորեղբոր որդին էր մահացել. «Ամսի 20-ին տղաս եկավ, 25-ին Արարատում տեգրոջս տղայի թաղման ժամանակ գերեզմանոցում մեզ շրջափակեցին ոստիկաններն ու տղայիս տարան»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հունվարի 15-ին կայացած դատական հերթական նիստի ժամանակ Քյարամ Ամոյանն ուշաթափվել էր, շտապօգնություն էին կանչել:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:











